Սիրիական բանակը գրոհում է ԻՊ-ին Պալմիրայում. Իսլամիստները նահանջում են

Սիրիական բանակը գրոհում է ԻՊ-ին Պալմիրայում. Իսլամիստները նահանջում են

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը վերսկսել է հարձակումը հինավուրց Պալմիրայի ուղղությամբ, որը գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Ինչպես հայտնել է «Աս Սաֆիր» լիբանանյան թերթը, մարտերն ընթանում են քաղաքից 1 կմ հեռավորության վրա:

Հուլիսի 26-ին սիրիական օդուժը հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին Պալմիրայից դեպի արևմուտք գտնվող լեռնային շրջանում, ինչը թույլ տվեց ցամաքային ուժերին ընդլայնել հսկողության գոտին և դուրս մղել հակառակորդին որոշ դիրքերից: «Ահաբեկիչների թվում շատ են սպանվածներն ու վիրավորները, նրանք խուճապահար նահանջում են»,-ասել է սիրիացի սպան, որը մասնակցել է գործողությանը:

Ըստ նրա, զորքերը վերակագնել են վերահսկողությունը Ֆահրեդդին միջնադարյան ամրոցում, որը գտնվում է լեռան վրա հին ավերակներից ոչ հեռու: Այնտեղից հրետանին թիրախավորված կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ քաղաքի ներսում, ինչպես նաև օազիսի մոտակայքում գրավված գազի օբյեկտների ուղղությամբ: Ականատեսները հայտնում են, որ առնվազն ԻՊ 300 գրոհային է լքել դիրքերը: Այժմ մարտեր են ընթանում Դամասկոսի և Հոմսի մոտակայքի ճանապարհահատվածում և Վադի էլ Մասել գետի ցամաքած հունում, ինչպես նաև Բայրաթ քաղաքամերձ շրջանում և Էլ Բուսեյրի ավանում:

Կառավարական ուժերն աշխարհազորայինների աջակցությամբ գրեթե ամբողջությամբ դուրս են մղել ԻՊ գրոհայիններին Հասեկե գավառային կենտրոնից: Նահանգապետ Մուհամմեդ Զիալ ալ Ալին հայտնել է SANA լրատվական գործակալությանը, որ առաջիկա ժամերին քաղաքն անվտանգ կհայտարարվի: Զինվորականներն արդեն թույլ են տվել խաղաղ բնակիչներին վերադառնալ ականազերծ տարածքներ: Ըստ նահանգապետի, Հասեկեում մեկ ամսում ոչնչացվել է մոտ 700 ահաբեկիչ:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում զորքերը հետապնդում են ավազակախմբերին, որոնք Թուրքիայից ներթափանցել են Լաթաքիայի մերձակա տարածքներ: ՌՕՈւ հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման հարթակին Սալմա քաղաքի մոտ: SANA գործակալությունը հայտնել է «տասնյակ սպանվածների և վիրավորների մասին գրոհայինների շարքերում», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն տարածեցին, որ «Իսլամական պետությունը» խոստանում է «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի`Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին: «Նրանք խոստացել են, որ միայն անտիկ հուշարձանները կքանդեն, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են»,-ասել են տեղի համակարգող կոմիտեի ակտիվիստները:

Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---