Հայաստանի բնակչության 2-3%-ը հիվանդ է հեպատիտ B-ով, 4%-ը՝ հեպատիտ C-ով

Հայաստանի բնակչության 2-3%-ը հիվանդ է հեպատիտ B-ով, 4%-ը՝ հեպատիտ C-ով

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծության՝ հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2-3%-ը, հեպատիտ C-ով՝ 4%-ը: Այդպիսով՝ ՀՀ-ն այդ հիվանդությունների միջին տարածվածության երկրների շարքում է: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողներին հայտնել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Վիրուսային հեպատիտով աշխարհում վարակված է մոտ 600 մլն մարդ, որից 400 մլն-ը՝ հեպատիտ B-ով, իսկ 200-ը՝ C-ով։

Հուլիսի 28-ը հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս տարվա կարգախոսն է «Կանխարգելենք հեպատիտները»:

Ղազինյանի խոսքով՝ ներկայումս վիրուսի 8 տիպ է հայտնի, որոնցից ամենատարածվածը А, В, С, D և E հեպատիտներն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վիրուսային հեպատիտները և լյարդի՝ դրանց հրահրմամբ առաջացող հիվանդությունները տարեկան 1,5 մլն մարդու կյանք են խլում: Մահացությունը հեպատիտից տաս անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:

«Այսօր հեպատիտ B-ն և C-ն համարվում են գլոբալ խնդիր ամբողջ աշխարհում: Դա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ հիմանդությունն այնպես չի վերահսկվում, ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում է », - ասել է մասնագետը, գրում է Panorama.am-ը:

Նրա տվյալով՝ Հայաստանում պատվաստման արդյունքում վերջին տարիներին մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չի արձանագրվել վիրուսային հեպատիտ B:

Հեպատիտ C-ն վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լյարդը։ Այն սովորաբար փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում մոտ 130–170 մլն մարդ վարակված է հեպատիտ C-ով։ Ամեն տարի վարակվում է 3-4 միլիոն մարդ:

Հեպատիտ B-ն կարող է ավարտվել կամ լիարժեք ապաքինումով, կամ էլ դառնալ խրոնիկական (այս տարբերակն ավելի հաճախ է լինում վաղ մանկական տարիքում վարակվելիս): Վերջին դեպքում վիրուսը կարող է երկար ժամանակ մնալ օրգանիզմում ոչ ակտիվ վիճակում և լուրջ վնաս չհասցնել լյարդին. այդ վիճակը կոչվում է վիրուսակրություն: Սակայն վիրուսը կարող է ակտիվանալ և առաջացնել լյարդի խրոնիկական բորբոքում՝ հեպատիտ, որն էլ հետագայում կվերածվի լյարդի ցեռոզի, իսկ որոշ դեպքերում նաև՝ քաղցկեղի: Աշխարհում մոտ 240 մլն մարդ է վարակված խրոնիկ հեպատիտ B-ով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---