72-ժամյա նստացույց՝ Հանրապեդտության հրապարակում. «Ոտքի՛ Հայաստան»-ը սկսում է քայլերը

72-ժամյա նստացույց՝ Հանրապեդտության հրապարակում. «Ոտքի՛ Հայաստան»-ը սկսում է քայլերը

PanARMENIAN.Net - «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը Երևանի Հանրապետության հրապարակում հուլիսի 27-ին սկսել է 72-ժամյա նստացույց՝ կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով առաջադրվել էին քաղաքացիների կողմից: Ըստ տարածած հաղորդագրության, նստացույցի նպատակն է իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ ըստ շարժման կազմակերպիչների՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որևէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել:

Քաղնախաձեռնությունից պնդում են, որ, մասնավորապես, կարգավորում չեն ստացել հետևյալ հարցերը. միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի ամբողջ գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել: Ինչպես նաև, բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն չի ընտրվել. միայն հուլիսի 27-ին ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը:

Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի՝ 18:00-ից, մինչև հուլիսի 28-ի՝ 18:00-ն) չի գերազանցելու 30 հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի՝ 18:00-ից, մինչև հուլիսի 29-ի՝ 18:00)՝ 60 հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի՝ 18:00-ից, մինչև հուլիսի 30-ի՝ 18:00)՝ 90 հոգին:

Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխն ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից՝ նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն: Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր: Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3x1,5 մ չափի: Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր:

ՀՀ ոստիկանությունից պահանջվում է ամեն 3 ժամը մեկ 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթևեկությունը՝ հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոն անցնելու ու կենտրոնից հետ վերադառնալու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 27-ի նիստում որոշել է հաստատել հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Որոշման 1-ին կետով հաստատված հրավերն ուղարկվելու է լավագույն հնգյակում ընդգրված միջազգային խորհրդատու ընկերություններին:

Հանձնաժողովն ակնկալում է, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---