Ջամալյան. 1 տարում ՀՀ ԶՈւ-ն հակառակորդի մի քանի ականանետային դիրք է ոչնչացրել

Ջամալյան. 1 տարում ՀՀ ԶՈւ-ն հակառակորդի մի քանի ականանետային դիրք է ոչնչացրել

PanARMENIAN.Net - Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական բանակի ստորաբաժանումների դիպուկ կրակով հակառակորդի մի քանի ականանետային դիրք է ոչնչացվել: Եթե այդպիսի հակընդդեմ գործողությունները չլինեն, ապա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շատ ավելի կլարվի, քանի որ թշնամին իրեն անպատժելի զգալով՝ ավելի սանձարձակ կդառնա: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Ընդ որում, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:Վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն 1 զոհ և 8 վիրավոր:

Խոսելով հակառակորդի կողմից տարբեր չափի ականանետերի կիրառման մասին՝ Ջամալյանը նշել է, որ դա սահմանային լարվածության նոր որակի մասին է վկայում:

«Հայկական կողմը հրադադարի հաստատումից ի վեր սկզբունքորեն ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառելուց: Բայց եթե թշնամին գնացել է այդ քայլին, ապա բնականաբար մեր դիրքապահ ստորաբաժանումները չեն կարող պասիվ դիտորդի դերում մնալ»,- նշել է Ջամալյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ սպասելի էր, թե ադրբեջանական կողմը կրկին ապակայունացնելու է իրավիճակը պետական սահմանին՝ շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են նման զարգացումների:

«Եղել և մնում եմ այն տեսակետին, որ չի կարելի հանիրավի հանգստացնել մարդկանց: Այդ առումով ոչ միայն բանակը, այլև մեր հանրությունը պետք է պատրաստ լինի պետական սահմանին լարվածության նոր փուլին: Պետք է նկատի ունենալ, որ թշնամու ծավալուն ագրեսիան հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք թուլանանք, ընկալվենք որպես մատչելի թիրախ: Տվյալ պարագայում շատ կարևոր է անհրաժեշտության դեպքում արագ համախմբվելու ունակությունը»,- ասել է Ջամալյանը՝ հալելելով, որ 2014-ի օգոստոսին կամավորականների այցը մարտական հենակետեր աննկատ չի մնացել Բաքվում, և իր սթափեցնող ազդեցությունն ունեցել է:

Ըստ նրա՝ այսուհետ նույնպես թշնամուն հարկավոր է պարբերաբար սթափեցնել՝ արժանապատիվ և հուսալի խաղաղություն ապահովելու համար:

Հանգստյան օրերին՝ հուլիսի 25-26-ին, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---