Վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետը 3,5 ժամ ավելի երկար կաշխատի

Վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետը 3,5 ժամ ավելի երկար կաշխատի

PanARMENIAN.Net - Վրաց-ռուսական սահմանի Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին 1 ամսվա ընթացքում 6,5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի ժամը 05:30-24:00-ն: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի 27-ին, երբ Վրաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ այցելել է սահմանին տեղակայված Դարիալի անցակետ:

Մոտ մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետի քննարկման արդյունքում անցակետի աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06:00-18:00-ի փոխարեն սահմանվել էր 06:00-21:00):

Կողմերը նաև քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարությանը: Կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետներում սկսել կառուցման գործընթացը:

Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2016-ի առաջին եռամսյակի ընթացքում: Կատարվող շինաշխատանքների ընթացքին հուլիսի 25-ին ծանոթացել է ՀՀ վարչապետը՝ Վրաստան աշխատանքային այցից առաջ:

Անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի $70 մլն: Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկումության» կամրջի կառուցման համար նախատեսվում է տարվա ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը:Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

Երկու երկրի վարչապետների քննարկման օրակարգում էր նաև Վրաստանը Ռուսաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա: Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---