Freedom House. Ադրբեջանն ամենաավտորիտար երկրներից է՝ նախկին ԽՍՀՄ տարածքում

Freedom House. Ադրբեջանն ամենաավտորիտար երկրներից է՝ նախկին ԽՍՀՄ տարածքում

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա ուսումնասիրությունների արդյունքները։ Ըստ դրա՝ նախկին ԽՍՀՄ պետություններից՝ Թուրքմենստանից և Ուզբեկստանից հետո Ադրբեջանն ամենաավտորիտար երկրներից է։

«Իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ժամանակակից, աշխարհիկ պետություն, որը այդ վտանգավոր տարածաշրջանում կայունության կղզյակ է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ թվարկելով վերջին մեկ տարվա ընթացքում Ալիևի վարչակազմի հեղինակած բռնաճնշումները լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունիսի 23-ին Freedom House-ը հրապարակել է «Անցումային փուլի երկրները» ամենամյա զեկույցը, որտեղ վերլուծվում է տարբեր շրջանների 29 երկրների վիճակը՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա։ Կազմակերպությունը գնահատում է կոնկրետ երկրում առկա դրությունը 7 հիմնական ցուցիչով (ընտրական գործընթացը, քաղաքացիական հասարակության վիճակը, մամուլի ազատության աստիճանը, կոռուպցիայի մակարդակը, կառավարման որակը և այլն):

Համաձայն զեկույցի՝ Հայաստանն արագ աճ է գրանցել ինտերնետի հասանելիության ոլորտում, հարուցված են քրեական գործեր պաշտոնյաների դեմ կոռուպցիայի մասով, առաջընթաց է գրանցվել ընտրությունների անցկացման գործընթացում: Ընդհանուր առմամբ Հայաստանում ժողովրդավարության գնահատականը երրորդ տարին շարունակ կայուն է մնում:

Ավելի վաղ Freedom House-ը մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել էր ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում: Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:

Պատժամիջոցներ սահմանելուց բացի, իրավապաշտպանները պահանջում են նաև Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին, հարգել լրագրողների իրավունքները իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելիս, դադարեցնել ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքի անդամներին հետապնդումների ենթարկելը: Հատկանշական է, որ իրավապաշտպանները իրենց մտահոգությունները հայտնելիս շեշտում են այն հանգամանքը, որ Ադրբեջանում իրավունքների և ազատությունների սահմանափակումները լայնամասշտաբ բնույթ կարող են ստանալ այս տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ արեց ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---