Վնասով աշխատող ՀԷՑ-ը 5 տարում մոտ 5,2 մլրդ դրամ է նվիրաբերել «Լույս» հիմնադրամին

Վնասով աշխատող ՀԷՑ-ը 5 տարում մոտ 5,2 մլրդ դրամ է նվիրաբերել «Լույս» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Մեծ վնասներով աշխատող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը 5 տարվա ընթացքում մոտ 5,2 մլրդ դրամ է նվիրաբերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնադրած և նրանց կողմից կառավարվող «Լույս» հիմնադրամին: Միաժամանակ՝ 2010-2014-ը ՀԷՑ-ը, ընդհանուր առմամբ, կրել է 16,1 մլդր դրամի վնաս, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը ՀԷՑ-ը հիմնավորել է իր կրած կորուստներով: Այն 2014-ին 157,3 մլրդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10,7 մլրդ դրամ:

Հարցին, թե ինչու է խոշոր վնասներ կրող ընկերությունը ֆինանսավորել «Լույս» հիմնադրամը, ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը պատասխանել է, որ ՀԷՑ-ի պես խոշոր կազմակերպությունը չի կարող չմասնակցել երկրի կյանքին, որտեղ ծավալում է իր գործունեությունը:

«Բարեգործությունը սակագնի հետ որևէ կապ չունի, սա արվում է սեփականատիրոջ ցանկությամբ»- ասել է նա:

«Լույս»-ի հաշվետվության համաձայն, 2014-ին ՀԷՑ-ը հիմնադրամի խոշորագույն հովանավորն էր:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների և ռազմավարության բլոկի ղեկավար, կառավարման անդամ Իլնար Միրսիյապովը հայտնել է, որ ՀԷՑ-ի վնասները առաջացել են սակագնային կարգավորման համակարգային խնդիրների արդյունքում, 2014-ին ավելացել են 8%-ով:

«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով նաև հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Համահիմնադիրն է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Լույսի» նպատակն ուսանողների ուսուցման ֆինանսավորումն է օտարերկրյա առաջատար բուհերում: Հիմնադրամը կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---