ԱՄՆ Պետդեպ. ՀՀ-ն մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում առաջատարների շարքում է

ԱՄՆ Պետդեպ. ՀՀ-ն մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում առաջատարների շարքում է

PanARMENIAN.Net - Հայաստանը երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով առաջին խմբի երկրների շարքում է: Ըստ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանության՝ ՀՀ կառավարությունն առաջին խմբում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ:

ԱՄՆ-ն տարեկան զեկույց է հրապարակում` ներկայացնելով աշխարհում թրաֆիքինգի իրավիճակը, և Հայաստանն 3 անգամ ընդգրկվել է առաջին խմբում` այն երկրների շարքում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները: ԱՄՆ Պետդեպի զեկույցում ներկայացվում է աշխարհում թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ամենաընդգրկուն պատկերը, ինչպես նաև` չարիքի դեմ պայքարում պետությունների գործողությունների լայն շրջանակը: Այս զեկույցն օգտագործում են միջազգային կազմակերպությունները, կառավարություններն ու ՀԿ-ները` որպես գործիք, որը թույլ է տալիս բացահայտել այն ոլորտները, ուր պետք է ուղղել համապատասխան ռեսուրսներ: «Թրաֆիքինգն արմատախիլ անելուն ուղղված մինիմալ չափորոշիչների» ապահովմանն ուղղված ջանքերի գնահատմամբ Պետդեպը զեկույցում պետությունները դասակարգում է երեք խմբում:

Զեկույցում դիտարկված 188 երկրից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում:

Այսպիսով, 2014-ին ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ոււ տեղական կազմակերպոըթյունների և քաղաքացիական հասարակության համար: Բացի այդ, դեսպանությունը նշում է, որ ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ:Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

Դեսպանությունն արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ուզոհերի նույնացման հարցերի շուրջ:

Թրաֆիքինգը շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։

2012-2014-ը թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, այդ գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ, որոնցից 28-ը եղել է կին, իսկ 14-ը` անչափահասն: Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի, նշված գործերից 12-ը վերաբերել է ՀՀ-ում կանանց պոռնկության շահագործմանը, 5 գործ վերաբերել է աշխատանքային շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 4 գործ` Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող կանանց պոռնկության շահագործմանը, 4 գործ` կանանց շահագործմանը Թուրքիայում, 3-ը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը և 2-ը` օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն:

Թրաֆիքինգի խնդիրը մտահոգում է ամբողջ քաղաքակիրթ հասարակությանը։ Ըստ որոշ տվյալների, երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում` փոխադրվելով այլ երկրներ։ Գլոբալացվող արդի հասարակությունում համընդհանուր են դառնում ոչ միայն մարդկության առաջընթացի արդյունքները, այլև մարդկային հանրության առջև ծառացած հիմնախնդիրները։ Գլոբալացումն իր հետ բերում է նաև կազմակերպված հանցավորության աճ, քանի որ երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ կապերի սերտացումը հանցավոր խմբերն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար։ Դրան նպաստում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ի թիվս այլ հիմնախնդիրների, գլոբալացման դարաշրջանում ահագնացող է դառնում հիմնախնդիրը։ Այն համարվում է 21-րդ դարի ստրկություն:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2014-ին ընդունված բանաձևի համաձայն` հուլիսի 30-ը հայտարարվել է Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---