Օբամա. Մոլորակի բնակչության 99%-ը կողմ է Իրանի հետ գործարքին

Օբամա. Մոլորակի բնակչության 99%-ը կողմ է Իրանի հետ գործարքին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեռևս քննարկման արժանի փաստարկներ չի լսել Իրանի հետ համաձայնության հակառակորդներից:

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Օբաման հիշեցրել է, որ համաձայնագրով Իրանի միջուկային օբյեկտների ստուգման աննախադեպ մակարդակ է սահմանվել, ինչպես նաև ապահովված է պատժամիջոցների վերագործարկման մեխանիզմը, եթե Թեհրանը խախտի պայմանավորվածությունները:

«Լավ նորությունն այն է, կարծում եմ, որ ես դեռևս քննարկման արժանի փաստարկներ չեմ լսել Իրանի հետ համաձայնության վերաբերյալ: Եվ Երկիր մոլորակի բնակչության 99%-ը համարում է դա լավ համաձայնագիր այն պարզ պատճառով, որ դա իրոք լավ համաձայնագիր է»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Օբամայի հայտարարությունները հնչում են տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների` Սաուդյան Արաբիայի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի վերաբերյալ քննադատության, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտներին Թել Ավիվի կողմից հարվածելու մտավախությունների ֆոնին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց NBC հեռուստաալիքի եթերում, որ Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին, հասցված միակողմանի կարգով, հսկայական սխալ կլինի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք գործարքի ստորագրումն ավելի հավանական չի դարձնում Իսրայելի հարվածը, լինի դա ռազմական թե կիբեր տարածքում, Ջոն Քերին նշել է, որ նման ռմբակոծությունը «հսկայական սխալ կլիներ, որը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ», գրել է Newsru-Իսրայելը:

Մինչդեռ Իրանը շարունակում է բանակցել ՀՕՊ արդիական միջոցների ներկրման շուրջ: Ինչպես գրում է iran.ru-ն, Իրանի պաշտպանական գերատեսչությունում աղբյուրների վրա հղումով, Մոսկվայի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունները ՀՕՊ ժամանակակից միջոցների, այդ թվում C-300 ԶՀՀ-ների առաքման շուրջ, մոտենում են ավարտին: Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ Իրանի ՊՆ-ում աղբյուրների տեղեկություններով, Վիեննայում Իրանի և միջազգային միջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Իրանի համար ավելի հասանելի է դարձնում ՀՕՊ առավել արդիական միջոցները:

«Բանակցություններն արդեն ավարտին են մոտենում, և Իրանը C-300 ԶՀՀ-ների փոխարեն կարող է առավել արդիական մոդել ստանալ»,-հայտարարել է աղբյուրը` հավելելով, որ եթե գործընթացն անցնի ինչպես այժմ, ապա առաքումները կարող են սկսվել արդեն տարեվերջին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---