ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաներն ավելի հեշտ է ձևակերպել. «Մեկ պատուհան» է գործում

ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաներն ավելի հեշտ է ձևակերպել. «Մեկ պատուհան» է գործում

PanARMENIAN.Net - 2015-ից ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ՝ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանն առաջնորդվում են նոր ընթացակարգերով: Մասնավորապես, միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵԱՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵԱՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են միության ապրանքի կարգավիճակ»,- տեղեկացրել է Մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը, մեջբերում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո հարկային մարմնում պետք է վճարեն ԱԱՀ-ն, ինչը նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար պետք է տարբեր գերատեսչություններ այցելեր: Ավտոմաքսատան նախաձեռնությամբ ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ ԵԱՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն այժմ մեկ վայրում՝ մաքսատան հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում են վճարում ԱԱՀ-ն, որտեղ սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները:

Սրահը նախատեսված է բացառապես ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ձևակերպման համար:

2015-ի հունվար-հունիսին Հայաստան է ներկրվել մոտ 13.000 ավտոմեքենա: Առաջին կիսամյակում՝ ավտոմաքսատունը պետական բյուջե է ուղղել մոտ 13.5 մլրդ դրամ:

«Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորությունները, այլև միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում»,- ընդգծել է մաքսատան ղեկավարը:

Քաղաքացիներին բարձրակարգ և արագ ծառայություն մատուցելու նպատակով, ավտոմաքսատանը միաժամանակ շարունակվում են ընթացակարգերի պարզեցմանն ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Մաքսային ձևակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները:

Գործարկվել է նաև ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետը` բացառելով հերթերը:

Մաքսատանը եռամսյա պարբերականությամբ հետևում են նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները:

ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---