ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հերթական տունն են կառուցում` այս անգամ Մելիքգյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հերթական տունն են կառուցում` այս անգամ Մելիքգյուղում

PanARMENIAN.Net - Ամեն ամիս միասնական ուժերով տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համար: Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում մասնակցել են Կակոյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կակոյանների ընտանիքը մեկն է այն ընտանիքներից, որոնք մինչ օրս չեն կարողացել հաղթահարել 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները: 27 տարի է անցել, սակայն ընտանիքին չի հաջողվել քարը քարին դնել ու ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Երկրաշարժից հետո երկու տարի Կակոյաններն ընտանիքի հոր՝ Ռուբենի 11-հոգանոց հայրական ընտանիքի հետ ապրել են վաչկավրանում, ապա տեղափոխվել են Աշտարակ, որտեղ ապրել են վարձով:

«Մեկ տարի չանցած՝ ամուսնուս առողջական վիճակը վատացավ, ու ստիպված եղանք վերադառնալ գյուղ: Հայթայթեցինք այս վագոն-տնակը և ահա մինչ օրս ապրում ենք այստեղ: Ես արդեն դադարել էի հուսալ, որ մի օր տուն կունենանք, և տղաս՝ Ռոմանը, կկարողանա ամուսնանալ: Գարնանը, երբ մեր ընտանիքն ընդգրկվեց բնակարանաշինության ծրագրի մեջ, վերագտա հավատը, որ այսքան տարիների իմ երազանքն իրականություն կդառնա: Մեկ ամիս առաջ տղաս ամուսնացավ: Վստահ եմ, որ մինչև տարեվերջ նաև տուն կունենանք: Անհնար է բառերով արտահայտել այն ուրախությունն ու երախտագիտությունը, որ կա իմ հոգում: Թող Աստծո օրհնությունը լինի բոլոր աջակիցների վրա»,- ասել է ընտանիքի մայրը՝ Թամարա Հայրապետյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ Մելիքգյուղի երեք ընտանիքի համար բնակարանային խնդիրը կմնա անցյալում:

«Աղետի գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերության կողմից իրականացված ծրագրի շնորհիվ՝ 2008 և 2011 թթ. բնակարանով է ապահովվել Գյումրիի և Վանաձորի` տնակներում բնակվող 40 ընտանիք: Ցավոք, բնակարանային խնդիրը շարունակում է չլուծված մնալ բազմաթիվ ընտանիքների համար: Ուրախ եմ, որ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում ևս մեկ հայ ընտանիք կվայելի բարեկարգ տանը, արժանավայել պայմաններում ապրելու բերկրանքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեկ ամիս առաջ, երբ հերթական անգամ այցելեցինք Կակոյաններին, անակնկալի եկանք՝ իմանալով, որ ընտանիքի անդամների թիվն ավելացել է: Իսկապես հաճելի անակնկալ էր: Հուզումնալից է տեսնել, թե ինչպես է ամուր օջախ ունենալու հեռանկարը ոգևորում մարդուն, ստիպում գործել, հավատալ սեփական ուժերին, առավել սիրել հայրենի հողն ու խորը արմատներ գցել այդ հողում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---