Գարնանը Երևանում տնկվել է մոտ 20.000 ծառ և թուփ. Կանաչ գոտիները 2015-ին ավելացել են 16 հա-ով

Գարնանը Երևանում տնկվել է մոտ 20.000 ծառ և թուփ. Կանաչ գոտիները 2015-ին ավելացել են 16 հա-ով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի ոռոգման համակարգն ամեն տարի ընդլայնվում է մոտ 30 կմ-ով: Այս մասին հուլիսի 28-ին հայտնել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Կանաչապատման գործընթացը, ըստ նրա, կատարվում է նախապես հասցեագրված և բացառապես ոռոգելի տարածքներում:

Մարտիրոսյանը նշել է, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման հիմքում ոռոգման ցանցերի ավելացումն է, ինչի ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել:

«Եթե համեմատենք խորհրդային տարիների և այժմյան Երևանը, ապա ներկայում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը մոտ 30 հա-ով գերազանցում է 90-ականների Երևանի կանաչապատման ցուցանիշը և ներկայում հասել է 950 հա-ի»,- ասել է վարչության պետը:

Անդրադառնալով ծառատունկերին՝ նա տեղեկացրել է, որ 2015-ի գարնանը մայրաքաղաքում տնկվել է մոտ 20.000 ծառ և թուփ` միջինը 70% կպչողականության ցուցանիշով:

Ի տարբերություն խորհրդային տարիներին կազմակերպված տարերային ծառատունկի՝ ներկայում այդ գործընթացը իրականացվում է նախապես հասցեագրված, ոռոգելի տարածքներում` մասնագիտական եզրակացության արդյունքում Երևանի համար ամենանպաստավորը համարվող և ծանր մետաղներ կլանող այնպիսի ծառատեսակներով, ինչպիսիք են հացենին,կաղնին, սոսին, ակացիան:

Ծառերի տնկիների զգալի մասն ապահովվում է քաղաքային տնկարանից: Ինչ վերաբերում է ծառերի էտին , ապա Մարտիրոսյանը վստահեցրել է, որ գարնանն իրականացված խոր էտը միանշանակ կատարվել է բոլոր ագրոկանոններին համապատասխան և արդարացրել է սպասելիքները:

Մարտիրոսյանը նաև նշել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ գոտիները տարեկան մոտ 15 հա-ով ավելանում են, իսկ 2015-ին՝ 16 հա-ով: Զուգահեռաբար ավելանում են քաղաքը արտաքին ազդեցություններից պաշտպանող նոր անտառաշերտերն ու սիզամարգերը:

Վարչության պետը տեղեկացրել է, որ հիմնականում խորն էտվել են թեղիները, որոնք Երևանի ծառատեսակների մոտ 30%-ն են կազմում:

«Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, հետևաբար պետք է աստիճանաբար վերափոխենք այդ ծառատեսակները, ինչպես դա արեցինք Զաքյան փողոցում: Մինչ այդ, սակայն, առանձին հատվածներում կատարված թեղիների խորն էտը կենսունակությունը երկարացնելու նպատակ ունի: Այսօր արդեն մայրաքաղաքի Քոչարի, Կիևյան, Շինարարների և այլ փողոցներում, ուր խոր էտ էր կատարվել,կարելի է համոզվել, որ գեղեցիկ սաղարթներ են ձևավորվել: Վստահեցնում եմ նաև, որ այս կերպ ծառերի կյանքը զգալիորեն կերկարի»,- տեղեկացրել է Մարտիրոսյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին նշել է, որ թեղիների դեպքում խորն էտն արդարացված էր և կատարվել է ագրոկանոններին համապատասխան:

Ըստ նրա՝ թեղիները փրկելու ուրիշ հնարավորություն չկա: Դրանք իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար կամ անհրաժեշտ է մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում էին մարդկանց բնակարաններում, իսկ միանգամից նոր ծառատեսակներով դրանք փոխարինելն անհնար է:

«Հասկանում եմ քաղաքացիների մտահոգությունը, սակայն ուզում եմ վստահեցնել, որ հենց մասնագետներն էին խորհուրդ տալիս կատարել թեղիների խորը էտ: Արդյունքում ծառեր չենք կորցրել և հակառակը՝ վերականգնված, առողջացած ծառեր ունենք: Նաև ուզում եմ ասել, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրոք մեծ ծավալի աշխատանք է կատարվում. գոնե ես այսքան գեղեցիկ ու ծաղկապատ Երևան դեռ չէի տեսել»,- ասել է նա:

Բնապահպանը իշխանություններին հորդորել է ավելի խիստ վերահսկողություն իրականացնել Երևանու ավագանու կողմից հաստատված կարգով իրենց պարտականություններում թերացող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ այս տարի մայրաքաղաքի Ավան,Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ ոռոգվել են կառուցված թվով 4 խորքային հորից: Արդյունքում բավարարվել է ոռոգման ջրի առկա պահանջարկի մոտ 20%-ը, իսկ Ավան վարչական շրջանի դեպքում` 80%-ը: Խորքային հորեր նախատեսվում է կառուցել նաև 2016-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---