Amazon-ն առաջարկում է օդային տարածք առանձնացնել դրոնների համար

Amazon-ն առաջարկում է օդային տարածք առանձնացնել դրոնների համար

PanARMENIAN.Net - Տարբեր երկրների իշխանություններն ու մասնավոր կազմակերպությունները տարբեր կերպ են լուծում քաղաքացիական անօդաչու սարքերի կամ դրոնների պոտենցիալ վտանգ ներկայացնող թռիչքների կասեցման կամ վերահսկման հարցերը: Ամերիկյան Amazon Com. ընկերությունը ներկայացրել է սեփական զեկույցն օդային տարածքում «դրոնների գոտի» առանձնացնելու վերաբերյալ:

Անօդաչու թռչող սարքերը կամ դրոնները դեռևս այնքան էլ տարածված չեն Հայաստանում, սակայն շատերն արդեն օգտագործում են սարքը նկարահանումների համար: Օրենսդրական մակարդակով մեր երկրում դեռ գոյություն չունի հստակ կանոնակարգում այդ տեխնիկայի օգտագործման համար, թեև դա միայն ժամանակի հարց է:

Amazon-ն առաջարկում է արգելել թռիչքներն օդանավակայանների և ռազմավարական նշանակության այլ կարևոր օբյեկտների շրջանում, իսկ մնացած օդային տարածքը բաժանել մի քանի շերտերի: Առաջին շերտը` մինչև 61 մ բարձրությամբ, առաջարկվում է օգտագործել անօդաչու սարքերի լոկալ թռիչքների համար նկարահանման կամ տարբեր տեխնիկական կառույցների վիճակի գնահատման նպատակով:

Երկրորդ շերտը 61-122 մետրի սահմանում է, որտեղ զեկույցի հեղինակներն առաջարկում են բարձր արագության տարանցիկ գոտի առանձնացնել, որտեղ թռիչքներ կկարողանան կատարել կոմերցիոն դրոնները, որոնք հագեցած են ինքնավար թռիչքի, նավիգացիայի և բախումներից խուսափելու համակարգերով` հենց այս գոտում է նախատեսվում իրականացնել Amazon Prime Air ծառայության բեռների առաքումը:

122 մ և 152 մ միջև առաջարկվում է թռիչքներից զերծ գոտի հայտարարել` այդպիսով տարանջատելով դոնների գոտին մնացած օդային տարածքից:

Ավելի վաղ Բրիտանիայի Քաղավիացիայի վարչությունը կանոնակարգ հրապարակեց, որը վերաբերում է քաղաքացիական անօդաչու սարքերին: «Դրոնների օրենսգիրք» անվանումը ստացած տեքստում թվարկված են այն սահմանափակումները, որոնք թույլ կտան օգտատերերին կիրառել թռչող սարքերը` չխախտելով գործող օրենսդրությունը:

Ըստ համապատասխան փաստաթղթի, թռիչքները պետք է իրականացվեն օպերատորի անմիջական տեսադաշտում` 120 մ ոչ բարձր, արգելվում են թռիչքները ինքնաթիռների, ուղղաթիռների և օդանավակայանների հարևանությամբ: Տեսախցիկներով դրոններին արգելված է թռչել մարդկանցից, մեքենաներից, շենքերից և շինություններից 50 մ պակաս հեռավորության վրա: Բացի այդ, արգելված են թռիչքները մարդկանց կուտակումներից և զանգվածային միջոցառումների անցկացման վայրից 150 մ շառավիղով:

Amazon.com, Inc-ը էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն, տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի միացյալ նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրի ամենամեծ վաճառողը։Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսում վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակներ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։

Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր` Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---