Էգոյանի «Հիշիր» ֆիլմը` Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում

Էգոյանի «Հիշիր» ֆիլմը` Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում

PanARMENIAN.Net - Հայտնի ռեժիսորներ Թոմ Հուփերի, Մարկ Բելոքքիոյի, Ատոմ Էգոյանի, Չարլի Քաուֆմանի և Ամոս Գիտայի ֆիլմերն ընդգրկվել են Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը, ասվում է կինոփառատոնի պաշտոնական կայքում:

Այս պահին հայտնի է մրցութային ծրագրի 21 մասնակից: Ցանկը, ինչպես հաճախ է լինում Վենետիկի կինոփառատոնում, դեռ կարող է համալրվել: Իտալացի ռեժիսոր Մարկո Բելոքքիոն, որի նախորդ ֆիլմը` «Քնած գեղեցկուհին» ներկայացվել էր Վենետիկում 2012-ին, այս անգամ Լիդոյում կներկայացնի «Իմ արյան արյունը» պատմական դրաման Ալբա Ռոռվախերի մասնակցությամբ, որն անցյալ տարի արժանացավ Վոլպիի դերասանական գավաթին: Մեկ այլ իտալացի` Լուկա Գուադանիոն 15 տարի անց կրկին Վենետիկում կներկայացնի կինոնկար Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ: «Մեծ վերելք» ժապավենում նա նկարահանվել է Դակոտա Ջոնսոնի և Ռեյֆ Ֆայնսի հետ: Ռուսաստանը փառատոնում ներկայացնելու է Ալեքսանդր Սոկուրովը «Ֆրանկոֆոնիա» ֆիլմով:

Օսկարակիր Թոմ Հուփերը կներկայանա «Աղջիկները Դանիայից» ժապավենով` դանիացի տրանսսեքսուալ նկարիչ Էյներ Վեգենարի մասին, որին խաղում է Էդդի Ռեդմեյնը, որին հիշում են «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմով: Կաննի կինոփառատոնի մշտական մասնակից Ատոմ Էգոյանն այս տարի նախապատվությունը տվել է Վենետիկին` նա կներկայացնի «Հիշիր» ֆիլմը Քրիսթոֆեր Փլամմերի գլխավոր դերակատարմամբ:

Սոկուրովի փաստախաղարկային «Ֆրանկոֆոնիան» նկարահանվել է 3 երկրի ջանքերով` Ֆրանսիայի, Նիդերլանդների և Գերմանիայի: Կինոնկարի օպերատորն է Բրյունո Դելբոննելը, որի հետ Սոկուրովը նկարահանեց իր «Ֆաուստ» ֆիլմը, որը դարձավ Վենետիկի կինոփառատոնի հաղթողը 2011-ին:

Զուգահեռ մրցութային «Հորիզոններ» ծրագրում ներկայացված է 33 կինոնկար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորում է օսկարակիր Ալֆոնսո Կուարոնը: «Հորիզոնների» ժյուրին կգլխավորի Ջոնաթան Դեմսը, որը հայտնի է «Գառների լռությունը» ֆիլմով, լավագույն դեբյուտային ֆիլմը կընտրի իտալացի ռեժիսոր Սավերինո Կոստանզոյի գլխավորած ժյուրին:

Կինոփառատոնի բացման ֆիլմն իրական իրադարձությունների վրա հիմնված Բալթասար Կորմակուրի «Էվերեստն» է:

Ատոմ Էգոյանը կանադահայ ռեժիսոր է, պրոդյուսեր, դերասան: Էգոյանը ծնվել է 1960թ.-ին՝ Կահիրեում։ 1962թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Կանադա, որտեղ էլ կրթություն է ստացել ու երիտասարդ տարիներից պիեսներ գրել։ 1984թ.-ին նրան մեծ հաջողություն բերեց առաջին ֆիլմը՝ Next of Kin-ը, իսկ հետագայում նկարահանած 13 ֆիլմերի շնորհիվ ռեժիսորը համաշխարհային հռչակ ստացավ

Էգոյանի ամենահայտնի ֆիլմերից է «Արարատը»: Ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։

2002թ.-ին Կանադայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ ընտրված «Արարատ» ֆիլմի միջոցով աշխարհում և Թուրքիայում ցեղասպանության թեման ևս մեկ անգամ օրակարգ բերվեց։ Նրա ֆիլմերից շատերում դերակատարում ունի կինը՝ Արսինե Խանջյանը:

2015-ի մայիսին կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար արժանացել է Կանադայի բարձրագույն պարգևին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---