Կառավարությունը $3,2 մլն կտրամադրի ԱԳՆ շենքի ռեստորանի 100% բաժնեմասին

Կառավարությունը $3,2 մլն կտրամադրի ԱԳՆ շենքի ռեստորանի 100% բաժնեմասին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը $3,2 մլն կտրամադրի «Տանգո» ընկերությանը պատկանող Կառավարության 2-րդ մասնաշենքի՝ ԱԳՆ շենքի տարածքում գտնվող «Արարատ-ռեստորան» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը ձեռք բերելու համար: Որոշման նախագիծը գործադիրի հաստատմանը կներկայացվի հուլիսի 30-ին:

Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012-ի որոշման համաձայն, $51.270.840 համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Սպասվում էր, որ ԱԳՆ-ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։ Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։

Քանի որ Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է «Արարատ-ռեստորան» ընկերությանը, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել դրա 100% բաժնեմասը` օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար, գրում է Tert.am-ը:

Նախագծում անշարժ գույքի ձեռք բերման արժեքը՝ $3.2 մլն համարժեք դրամը հաշվարկվել է հիմք ընդունելով հուլիսի 10-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած միջին փոխարժեքը՝ 476.35 դրամ, որը կազմում է 1 մլրդ 524 մլն 320 հազար դրամ:

ՀՀ ԱԳՆ շենքը կառուցվել է XX դարի 40–ականներին, ընդհանուր մակերեսը 14 241,9 քառակուսի մետր է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---