Պետդեպ. Իսլամիստները նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ և եվրոպական երկրների դեմ

Պետդեպ. Իսլամիստները նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ և եվրոպական երկրների դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն տեղեկատվության է տիրապետում, որի համաձայն ծայրահեղական խմբավորումներն, այդ թվում «Ալ Քայիդան» և «Իսլամական պետությունը» նոր ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ քաղաքացիների և շահերի դեմ արտերկրում, այդ թվում Եվրոպայում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած գլոբալ ահաբեկչական սպառնալիքի մասին թարմացված նախազգուշացման մեջ:

Փաստաթղթում հիշատակվում է, որ 2014-ի օգոստոսին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ռազմաօդային գործողություն են սկսել ԻՊ գրոհայինների դեմ Իրաքւմ և Սիրիայում: Այժմ «սաստկանում է այն հավանականությունը, որ ԱՄՆ դեմ, ինչպես նաև նրա դաշնակից արևմտյան երկրների ու կոալիցիայի մասնակիցների դեմ կձեռնարկվեն ահաբեկիչների պատասխան գրոհներ»,հայտնել է Պետդեպը:

Ըստ գերատեսչության, հարձակումներ կարող են իրականացվել «ամբողջ աշխարհով մեկ, հատկապես Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում»: «Ծայրահեղականները կարող են օգտագործել սովորական սպառազինություն և զանգվածային ոչնչացման զենք և հարձակումներ կատարել` նպատակ ունենալով վնասել ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր շահերին»,-ասվում է զեկույցում:

«Ստացվող տեղեկությունները վկայում են, որ ԻՊ-ն, «Ալ Քայիդան», դրանց հետ շաղկապված կազմակերպությունները, շարունակում են ահաբեկչական գործողություններ ծրագրել ԱՄՆ և Եվրոպայում արևմտյան շահերի դեմ»,-զգուշացնում է Պետդեպը: Նշվում է, որ ահաբեկչությունների հավանականությունը Եվրոպայում պահպանվում է, քանի որ ԻՊ եվրոպացի անդամները վերադառնալու են Սիրիայից և Իրաքից:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ իշխանությունները նաև տեղեկություններ ունեն, որ իսլամիստներն ահաբեկչական գործողություններ են պլանավորում նաև Աֆրիկայի հյուսիսում և արևմուտքում, Հարավային և Կենտրոնական Ասիայում, Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրներում: Նախորդ զգուշացումը Պետդեպը տարածել էր ընթացիկ տարվա հունվարին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարեց, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը շատ ավելի մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների անվտանգության համար, քան «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը: Ինչպես պարզաբանել է Կոմին, վերջին 2 ամսում «ՀԲԴ-ն ԻՊ կողմից ծայրահեղականացման ենթարկված բազմաթիվ անձանց է ձերբակալել», ընդ որում հարյուրավոր հետաքննություներն այդպիսի վտանգավոր տարրերի բացահայտման ուղղությամբ շարունակվում են: Նա նշել է նաև, որ «ԱՄՆ-ն տեղեկատվություն ունի 18-62 տարեկան տասնյակ ամերիկացիների մասին, որոնք մեկնել են Սիրիա կամ Իրաք ԻՊ շարքերում կռվելու նպատակով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---