Մամուլի ազատության մրցանակ՝ Ադրբեջանում ազատազրկված Խադիջա Իսմայիլովային

Մամուլի ազատության մրցանակ՝ Ադրբեջանում ազատազրկված Խադիջա Իսմայիլովային

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մամուլի ազգային ակումբն իր բարձրագույն մրցանակն է շնորհել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Խադիջա Իսմայիլովային:

«Խադիջան բանտում է իր լրագրողական գործունեության պատճառով», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին:

Լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

Բաքվի դատարանը մայիսին երկարաձգել է Իսմայիլովայի կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 24-ը: Դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ Իսմայիլովան կարող է ազդել քննության վրա կամ թաքնվել: Սա արդեն լրագրողի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---