Կառավարություն. Տեսչական ստուգումները մինչև 2016-ը կնվազեն 98%-ով

Կառավարություն. Տեսչական ստուգումները մինչև 2016-ը կնվազեն 98%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ին որոշել է մինչև 2016-ի հունվարի 1-ը սահմանափակել բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների ստուգումների։

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը՝ Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներ իրականացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, ինչն արդեն սահամանափակել է տեսչական մարմինների գործունեությունը։

Հարությունյանը տեղեկացրել է, որ այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ։ Այս որոշմամբ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտ 90%-ը մինչև տարեվերջ։ Մնացած 10%-ի շրջանակում ստուգումներ են իրականացվելու միայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ ավտոգազալցակայաններն և այլն: Մինչև տարեվերջ կրճատվում են ստուգումների 98%-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության հուլիսի 23-ի նիստում գործադիրի աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015-ի ավարտըստուգումների կասեցման հնարավորությունը և հաջորդ նիստին համապատասխան առաջարկ ներկայացնել: Ըստ վարչապետի՝ ստուգումների հնարավոր կասեցման նպատակն է ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելը` հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, այնուհետ տեսչությունների թվաքանակի կրճատումը և դրանց արմատական վերափոխումը:

Ստուգումներ կատարելու սահմանափակումը չի տարածվելու միայն այն հիմնարկների ու բաժնետիրական ընկերությունների վրա, որոնք պետական սեփականություն են, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, քանի որ դրանք փաստացի չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը։

Սահմանափակումը չի տարածվելու նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է Քրեական դատավարության օրենսգրքով կամ ստուգման պահանջով դիմելու են տնտեսվարող սուբյեկտները։ Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաների օրական սննդի անվտանգ կազմակերպման համար, գրում է Tert.am-ը:

Կարգը կարող է խախտվել այն դեպքում, երբ որևէ տնտեսվարող սուբյեկտ սպառնալիք է մարդկանց առողջությանը կամ կյանքին։

ՀՀ վարչապետը նշել է, որ որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա։

«Հանձնարարում եմ բոլոր նախարարներին խստագույնս հետևել օրենքի տառին, սահմանված կարգավորումներին։ Մյուս կողմից հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքում գրավոր ձևով դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ։ Երաշխավորում եմ, որ հարցին ընթացք կտրվի վարչապետի վերահսկողության ծառայության կողմից»,- ասել է նա:

Վարչապետը նաև ընդգծել է, որ կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրները, ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները, ստուգումներ պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքում ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա։

«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին վերանայել ռիսկայնության չափանիշները՝ հետապնդելով ստուգումների քանակը նվազեցնելու նպատակ։ Հորդորում եմ հարկ վճարողներին լինել բարեխիղճ, պահպանել ֆինանսական կարգապահությունը, հարկերը վճարել ճիշտ ժամանակին, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները», - ասել է Աբրահամյանը:

Եզրափակելով, Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօրվա տնտեսական իրավիճակի ու աշխարհում ընթացող խնդիրների ֆոնին, սա մի քայլ է, որը կաջակցի տնտեսության ակտիվացմանը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---