Բողոքը մերժվել է. Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը

Բողոքը մերժվել է. Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դատապաշտպանների բողոքի դիմումը տնային կալանքի ժամկետի երկարացման դեմ: Այսպիսով Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը, հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը դատարանում աղբյուրի վրա հղումով:

«Դատարանը չի բավարարել բողոքարկման դիմումը` անփոփոխ թողնելով դատարանի որոշումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հուլիսի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգեց «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Քննությունը խնդրել էր երկարաձգել կալանքի ժամկետը՝ վկայակոչելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործի նյութերին ծանոթությունը:

Դատարանն իր որոշմամբ նաև մերժեց պաշտպանության խնդրանքը՝ գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատ արձակել Հայրապետյանին: «Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում, ինչպես նաև՝ ՌԴ-ի և Հայաստանի երկքաղաքացիություն Մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից և դատարանից: Բացի այդ, նա բավական գումար ունի, որոնց միջոցով խափանման ձևը փոխելու դեպքում կարող է ԶԼՄ-ներով քրեական գործի հետաքննության հետ կապված ակցիաներ իրականացնել՝ այդպիսով վարկաբեկելով քննությունը», - ասել է դատախազը: Հայրապետյանի փաստաբանը չի համաձայնել պատճառաբանություններին՝ հայտարարելով, որ այժմ պաշտպանյալը չունի անձնագիր, այդ պատճառով նա չի կարողանա թաքնվել:

Մինչդեռ ինքը Հայրապետյանը խնդրում է քրեական գործ հարուցել քննչական խմբի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ` ՌԴ ՔՕ 286 հոդվածով: Այդ մասին հայտնել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Ըստ նրա, գործի նյութերից բխում է, որ քննիչ Վեսելևը 2014 թ. սեպտեմբերի 8-ին հանձնարարել է ոստիկանությանը մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել փաստաբանների դեմ, մասնավորապես, պարզել ավտոմեքենաների երթուղին ու նրաց ունեցվածքի մասին տեղեկություններ ստանալ: Ըստ դաշնային համապատասխան օրենքի, փաստաբանների դեմ օպերատիվ միջոցառումներ կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ, որը չի եղել:

«Այսպիսով, քննիչ Վեսելևը գերազանցել է իր լիազորությունները, առավել ևս, որ փաստաբանները չեն անցնում գործով ոչ որպես կասկածյալներ, ոչ որպես մեղադրյալներ»,-ասել է Մարգարյանը:

Նա նշել է, որ գեներալ-լեյտենանտ Շչուկինը մերժել է այս հարցով Հայրապետյանի դիմումը` «անհիմն լինելու պատճառով»:

«Ուստի Լևոն Հայրապետյանը բողոքի դիմում է ներկայացրել Քննչական վարչության պետ Բաստրիկինի և գլխավոր դատախազ Յուրի Չայկայի անունով, ինչպես նաև դիմում է ներկայացրել դատարան»,-ասել է Մարգարյանը: Նա նշել է, որ իրենք դիմելու են նաև Փաստաբանների դաշնային պալատին և Մոսկվայի փաստաբանների պալատին` խնդրելով միջոցներ ձեռնարկել դադարեցնելու համար ապօրինի գործողությունները փաստաբանների դեմ` ներառյալ փաստաբաններին հետևելն ու փաստաբանների և հաճախորդի բանակցությունների ֆիքսումը:

2014 Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---