Քրդերը 3 թուրք զինվորական են սպանել և փորձել են պայթեցնել Անկարա-Թեհրան գնացքը

Քրդերը 3 թուրք զինվորական են սպանել և փորձել են պայթեցնել Անկարա-Թեհրան գնացքը

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները հեռակառավարվող ռումբ են պայթեցրել Թուրքիայի արևելքում գտնվող Բինգյոլ գավառում` փորձելով պայթեցնել Անկարա-Թեհրան գնացքը: Տուժածներ չկան, հայտնել է Anadolu գործակալությունը նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի վրա հղումով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Սուվերեն և Գենչ երկաթուղային կայարանների միջև, ռումբը պայթել է, երբ գնացքն ընթանում էր այդ հատվածով, սակայն գնացքը ռելսերից դուրս չի եկել և շարունակել է երթևեկությունը: Երկաթուղին պայթյունի վայրում վնասված է, կատարվում են վերականգնման աշխատանքներ: Ոստիկանությունը որոնում է ահաբեկիչներին:

3 թուրք զինծառայող է զոհվել Շիրնակ գավառում քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով: «Հուլիսի 30-ին ՔԱԿ անդամների հարձակման հետևանքով 3 զինծառայող է սպանվել` սպա, ենթասպա և զինվոր, որոնք գնացել էին հետախուզելու տարածքն ավտոշարասյունից առաջ: Օգնության եկած աշխատակիցները հատուկ նշանակության ուժերի և ուղղաթիռների օգնությամբ վնասազերծել են զինյալներից մեկին, մյուսներին որոնում են»,-ասվում է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՔԱԿ առնվազն 190 գրոհային է զոհվել և մոտ 300-ը` վիրավորվել Թուրքիայի հարավ-արևելքում և Հյուսիսային Իրաքում նրանց դիրքերին Թուրքիայի ՌՕՈւ ավիահարվածների հետևանքով, հայտնել է Hurriyet-ն իր աղբյուրների վրա հղումով:

Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---