Հեպատիտ A, B, C. Իրավիճակը Հայաստանում, կանխարգելումն ու բուժումը

Հեպատիտ A, B, C. Իրավիճակը Հայաստանում, կանխարգելումն ու բուժումը

PanARMENIAN.Net - Տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից ու քաղցկեղից: Մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` մոտ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 մլն՝ հեպատիտ C, տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Հեպատիտ B-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, ծխելուց հետո 2-րդ տեղում է: Այն կարող է առաջացնել լյարդի խրոնիկական բորբոքում՝ հեպատիտ, որն էլ հետագայում կվերածվի լյարդի ցիռոզի, իսկ որոշ դեպքերում նաև՝ քաղցկեղի: Աշխարհում մոտ 240 մլն մարդ է վարակված խրոնիկ հեպատիտ B-ով: Յուրաքանչյուր տարի մոտ 350.000 մարդ մահանում է հեպատիտ C-ի հետևանքներից: Հեպատիտ A-ով վարակված գրեթե բոլորն ամբողջությամբ բուժվում են:

Հուլիսի 28-ը հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն էր: Այս տարվա կարգախոսն է «Կանխարգելենք հեպատիտները»:

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: Վերջին տարիներին առկա է այդ տեսակի հեպատիտի նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 2008-ին եղել է 25.7, իսկ 2014-ին` 2.4, ինչը վկայում է, որ հեպատիտ A-ի դեպքերը նվազել են մոտ 11 անգամ: Արձանագրված հեպատիտ A-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:

Հայաստանում նաև վիրուսային հեպատիտ B-ի հիվանդացության նվազման միտում կա` 100.000 բնակչի հաշվարկով 2008-ին` 3.4, 2014-ին` 1.8: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999-ին պատվաստումներից հետո հատկապես երեխաների շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Այսօրվա դրությամբ հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2-3%-ը:

Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա այն շարունակում է հիմնախնդիր մնալ: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի տվյալներով՝ հեպատիտ C-ով վարակված է բնակչության՝ 4%-ը:

«Այսօր հեպատիտ B-ն և C-ն համարվում են գլոբալ խնդիր ամբողջ աշխարհում: Դա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ հիմանդությունն այնպես չի վերահսկվում, ինչպես ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեպքում է »,- ասել է մասնագետը:

Նրա տվյալով՝ Հայաստանում պատվաստման արդյունքում վերջին տարիներին մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չի արձանագրվել վիրուսային հեպատիտ B:

Հիվանդության դեմ պայքարը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել է «ՀՀ վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 նպատակային ծրագիրը», որի շրջանակում ստեղծվել են հեպատիտների կանխարգելման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ գործակցության մեխանիզմներ, ձևավորման փուլում է հեպատիտների կանխարգելման գիտամասնագիտական խորհուրդը: Իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:

Ծրագրի ամբողջական գործադրումը կնպաստի վիրուսային հեպատիտների, հատկապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման, վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման միջոցով նվազեցնել վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները Հայաստանում:

Ինչ վերաբերվում է բուժմանը, ապա 2013-ի տվյալներով՝ ՀՀ-ում կա հեպատիտ C-ի բուժման համար նախատեսված դեղամիջոց` պեգիլացված ինտերֆերոն (պեգասիս), որը, սակայն, բավականին թանկ արժե: Մեկ ամպուլայի արժեքը 141.000 դրամ է: Կախված հիվանդի վիճակից, նրան կարող է անհրաժեշտ լինել 16-72 շաբաթ տևողությամբ բուժում:

Հիվանդին ամեն շաբաթ պետք է մեկ ամպուլա ընդունել: Այսինքն, բուժման կուրսը՝ կախված տևողությունից, կազմում է մոտ $5.000-20.000: Որոշ դեղամիջոցներ տրվում են անվճար:

Կանխարգելում. Ինչ է անհրաժեշտ իմանալ

Վիճակագրության համաձայն՝ վարակն առավել հաճախ տարածվում է ներարկային թմրամիջոցների խմբակային օգտագործման ժամանակ. վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Թեև, hեպատիտով վարակվել հնարավոր է դաջվածքներ և փիրսինգներ անելիս՝ համապատասխան սրահներում: Բուժաշխատողների՝ հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է աշխատանքի ժամանակ՝ հիվանդանոցներում վարակված արյան դեպքում: Սանիտարական նորմերի կոպիտ խախտումների դեպքում հիվանդանոցային ցանկացած կաբինետ, որտեղ իրականացվում են բժշկական գործողություններ, կարող է դառնալ վարակի օջախ: Մեծ է վտանգը նաև քրեակատարողական հիմնարկներում:

Հեպատիտ A-ն առաջանում է վարակված ջուր և մթերք օգտագործելուց։ Այն կարող է առաջանալ նաև սեռական հարաբերությունների հետևանքով։

Հեպատիտ B-ն հիմնականում սեռական հարաբերություններից փոխանցվող հիվանդություն է։ Հնարավոր է վարակվել նաև մաշկը չմանրէազերծված ներարկիչով ծագելուց, վարակված ինչ-որ բանի կողմից խայթվելու դեպքում: Նորածինը կարող է վարակվել մոր կաթից, եթե մայրը վարակված է:

Հեպատիտ C-ն սովորաբար տարածվում է դրանով հիվանդ մարդու արյան հետ ուղղակի կապի միջոցով: Վարակումը հնարավոր է նաև ածելիների, մանիկյուրի պարագաների, նույնիսկ, ատամի խոզանակների ընդհանուր օգտագործման պարագայում: Զարգացած երկրներում հեպատիտ C-ով վարակումը քիչ հավանական է ստոմատոլոգիական կենտրոններում, ինչը չի կարելի ասել հետամնաց կամ զարգացող երկրների մասին: Վարակակիր մորից երեխային վիրուսի փոխանցումը հազվադեպ կարելի է համարել՝ ոչ ավելի, քան 5% դեպքերում: Վարակումն առավել հավանական է ծննդաբերության ընթացքում: Մեծամասամբ, երեխաները ծնվում են առողջ: Հաճախ հեպատիտ C-ով վարակման հստակ աղբյուրն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել:

Հեպատիտ հիվանդության նախանշանները կամ շատ թույլ են կամ բացակայում են ընդհանրապես։ Դրանք ի հայտ են գալիս վարակվելուց 15-ից՝ 180 օրվա ընթացքում։ Հեպատիտի սկզբնական նախանշաններն են` լուծ, հոգնածություն, ախորժակի կորուստ, թեթև տենդ, ջերմություն, մկանների ցավ և հոդացավ, սրտխառնոց, որովայնային ցավեր և այլն:

Բուժում

Հեպատիտ A-ի համար հատուկ բուժում նախատեսված չէ։ Անհրաժեշտ է բուժման ընթացքում ալկոհոլ և թմրանյութ չօգտագործել։ Հեպատիտ A-ով վարակվածների մեծ մասը բուժվում է ինքնաբերաբար։ Հեպատիտ B-ով հիվանդը պետք է դիետա պահի և օգտագործի մեծ քանակությամ պրոտեին և կարբոհիդրիդ լյարդի վնասված բջիջները վերականգնելու համար։

Հեպատիտ C-ի բուժումը բարդ է և երկարատև:

Արդեն մոտ 20 տարի է՝ հեպատիտ A-ի և C-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---