Մարադոնան կպայքարի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

Մարադոնան կպայքարի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնան հաստատել է այն լուրը, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Թեկնածուները պետք է հայտերը ներկայացնեն մինչև 2015 թ. հոկտեմբերի 26-ը, իսկ ընտրությունները կանցկացվեն 2016 թ. փետրվարի 26-ին: Կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերը մինչ այդ կշարունակի պաշտոնավարել, հայտնում է Panorama.am-ը:

«Ես կվերադառնամ աշխատանքի, կվերադառնամ հանուն ՖԻՖԱ-ի և, առաջին հերթին, իմ ընտանիքի,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է «Zeenews»-ը:- Ժողովուրդը կաջակցի ինձ»:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են նաև բրազիլացի մարզիչ Զիկոն, Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, կազմակերպության պատվավոր փոխնախագահ և Կորեայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Չոն Մոնջունը:

Հուլիսի 29-ին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչդեռ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի խնդիրները նոր նախագահի ընտրությամբ չեն ավարտվի, արմատական բարեփոխումներ են պետք: Ըստ Բախի, բոլոր թեկնածուները պետք է «թափանցիկության» ուղին բռնեն: Դա վերաբերում է բոլոր թեկնածուներին, հավելել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը:

Հունիսի 2-ին ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարեց, որ հեռանում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից: Շվեյցարացի Յոզեֆ Բլատերը այս հայտարարությունն արեց հինգերորդ անգամ պաշտոնում վերընտրվելուց հետո ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին: «Ես գնահատում եմ ՖԻՖԱ-ն ամենից առավել և աշխատում եմ լավագույնն անել ֆուտբոլի և կազմակերպության համար: Ես որոշեցի, որ պետք է շարունակել ընտրվել: Ընտրություններն ավարտված են, սակայն մարտահրավերներն առկա են: ՖԻՖԱ-ն պետք է վերակառուցվի, ՖԻՖԱ պատվիրակները մանդատ տվեցին ինձ: Սակայն ՖԻՖԱ-ի մյուս անդամները, ակումբները հավանություն չտվեցին դրան: Ուստի ես խնդրում եմ գումարել հատուկ կոնգրես որքան հնարավոր է շուտ, իմ հետնորդին ընտրելու նպատակով»,-ասել է Բլատերը:

Պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններն անցնում էին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ձերբակալվածների թիվը հասավ 9-ի: Մինչ կոնգրեսի մեկնարկը Բլատերի հիմնական ընդդիմախոսներից մեկը` ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ առնվազն 45 եվրոպական երկիր կսատարի 39-ամյա արքայազն Ալիին և որ նա հաղթելու բոլոր շանսերն ունի, սակայն իրականում Բլատերի դիրքերը շատ ավելի ամուր դուրս եկան: Վերընտրվելուց հետո Բլատերը չէր թաքցնում իր գերազանց տրամադրությունը և դեռ եկար շնորհավորանքներ էր ընդունում ՖԻՖԱ-ի անդամներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---