Համահայկական 6-րդ խաղերին առաջին անգամ կմասնակցեն Դիարբեքիրն ու Դերսիմը

Համահայկական 6-րդ խաղերին առաջին անգամ կմասնակցեն Դիարբեքիրն ու Դերսիմը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր և Դերսիմ քաղաքների հայկական թիմերն առաջին անգամ կմասնակցեն օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական ամառային 6-րդ խաղերին:

Դրանք կմեկնարկեն Երևանի «Հրազդան» մարզադաշտում՝ օգոստոսի 2-ին, և կտևեն մինչև օգոստոսի 12-ը: 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Մրցումներ անցկացվելու են նաև Լեռնային Ղարաբաղում:

Ընդհանուր առմամբ 2015-ի Խաղերին կմասնակցի ավելի քան 6000 մարզիկ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Նախորդի հետ համեմատ՝այս Խաղերն աննախադեպ են մարզիկների և մարզաձևերի քանակով:

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու է հայկական կողմը: ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում որոշել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պետբյուջեի պահուստային ֆոնդից 2015-ի 9 ամսում այդ նպատակով հատկացնել 39.800.000 դրամ:

Դիարբեքիրի մասնակցության կազմակերպիչը քաղաքի Սբ Կիրակոս Տիգրանակերտ եկեղեցու վերականգնման կոմիտեն է: Քանի որ եկեղեցու վերականգնումը գլոբալ նախաձեռնություն էր, որին մասնակցում էին բազմաթիվ նվիրատուներ Հյուսիսային Ամերիկայից, Թուրքիայի այդ շրջանների արմատներ ունեցող մարզիկներն ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվել են ներկայացնելու թիմերը Համահայկական խաղերին:

Դիարբեքիրի թիմը կներկայացնի Տորոնտոյում բնակվող Տարոն Պետրոսյանը:

«Ինձ համար նշանակալից է մասնակցությունը Խաղերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իմ ընտանիքը Տիգրանակերտում առնվազն երկու հարյուր տարվա պատմություն ունի»,- ասել է նա, գրում է Կանադայում լույս տեսնող Armenian Weekly-ն:

Դիարբեքիրի և Դերսիմի թիմերին քաջալերելու համար նրանց հետ Հայաստան կգան նաև այլ խմբեր, որոնք կմասնակցեն Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին, կայցելեն ՀՀ-ի պատմամշակութային վայրեր:

Ի հիշատակ Սբ Թադեոս առաքյալի` բազմահազար իրանահայեր ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Իրան` Սբ Թադեի եկեղեցի: Այս տարվա ուխտագնացությունը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ուխտագնացության ավարտին եկեղեցում մատուցվել է պատարագ և կատարվել ջրօրհնեքի արարողություն` ի պատիվ Համահայկական 6-րդ խաղերի: Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված սփյուռքը խորհրդանշող ջահը Սբ Թադեի վանք է բերել Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մայիս Մինասյանը:

Հուլիսի 27-ին, Մայր աթոռ Սբ Էջմիածնում տեղի է ունեցել Գարեգին Բ պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի օրհման հանդիսավոր արարողությունը:

Մայր Աթոռի մատենադարանի, Մայր Տաճարի և ճեմարանի կողմից հարթակ են բերվել Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Անթիլիասի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի աթոռանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ և Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ Խաչ եկեղեցիներում վառված ջահերը: Արցախը խորհրդանշող ջահը բերել է Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, սփյուռքը խորհրդանշող ջահը` Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, Հայաստանը խորհրդանշող ջահը` 2015-ի Համաշխարհային 28-րդ ունիվերսիադայի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնությունը խորհրդանշող երեք ջահերից վառվել է 6-րդ խաղերի ջահը, որն իր գլխավերևում է պահել 1988-ի Սեուլի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Օգսեն Միրզոյանը:

Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Առաջին անգամ Խաղերն անցկացվել են 1999-ին: Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---