Հայ ձեռներեցները կօգտվեն ԵՄ ծրագրերից. ՓՄՁ-ները կարող են լրացուցիչ ֆինանսավորվել

Հայ ձեռներեցները կօգտվեն ԵՄ ծրագրերից. ՓՄՁ-ները կարող են լրացուցիչ ֆինանսավորվել

PanARMENIAN.Net - Գործադիրը հուլիսի 30-ի նիստում համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020)» ԵՄ ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից դրանց զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որը նույնպես աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Ըստ վարչապետի՝ ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ-ներին՝ օգտվելու ԵՄ կողմից դրանց զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Մասնավորապես, մասնակցությունը ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում՝ էականորեն բարձրացնելով ՀՀ-ում վերջինիս գործունեության արդյունավետությունը: Այն նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:

«ՓՄՁ զարգացումը կառավարության առաջնայնություններից է, և անընդհատ փորձում ենք օգնել այդ ոլորտը զարգացնելու նախաձեռնություններին: Այս ծրագիրը թույլ կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչը, կարծում եմ, բավական լուրջ աջակցություն կլինի»,- ասել է Աբրահամյանը:

Կառավարությունը հաստատել է նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին:

Վարչապետը հանձնարարել է մաքսային մարմիններին արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների համար ապրանք ներմուծողների համար, քանի որ մաքսավորներին հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---