Sport for Rights-ը կոչ է անում հրապարակավ քննադատել Ադրբեջանի իշխանություններին ճնշումների համար

Sport for Rights-ը կոչ է անում հրապարակավ քննադատել Ադրբեջանի իշխանություններին ճնշումների համար

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային կոալիցիան հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ «բռնաճնշումների աննախադեպ ալիքի» մեկնարկի առաջին տարելիցի կապակցությամբ: «Ադրբեջանի կառավարության կողմից աննախադեպ ճնշումների ու մարդու իրավունքների խախտումների մեկնարկից մեկ տարի անց երկրում իրավիճակը շարունակում է վատթարանալ, հայտնում է Tert.am-ը:

«Սպորտը հանուն իրավունքների» (Sport for Rights) կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ և հրապարակայնորեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին և միջոցառումներ ձեռնարկել երկրի քաղաքացիական հասարակության աջակցության համար», -ասված է փաստաթղթում:

Հայտարարության մեջ թվարկվում են համեմատաբար աղմկահարույց գործերը, ինչպես, օրինակ, Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի, Ինթիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի, Էմին Հուսեյնովի, Խադիջա Իսմայիլովայի և այլոց:

Նշվում է, որ շատ իրավապաշտպաններ ու լրագրողներ ստիպված են եղել լքել Ադրբեջանը՝ զգուշանալով իրենց անվտանգության համար: «Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Ադրբեջանի վրա՝ որպես վատագույն վայրը խիզախ, անկախ և մտածող մարդկանց համար»,- կարծում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ղեկավար Նինա Օգնյանովան:

Նշվում է, որ Ադրբեջանում բռնաճնշումները շարունակվում են անարդար, քաղաքականացված և փակ դատարաններում, որտեղ արդար և պարզ դատավարության համար որևէ հույս չկա:

«Սպորտը հանուն իրավունքների» կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել ճնշումներն ու կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Հուլիսի 27-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա ուսումնասիրությունների արդյունքները,ըստ որի` նախկին ԽՍՀՄ պետություններից՝ Թուրքմենստանից և Ուզբեկստանից հետո Ադրբեջանն ամենաավտորիտար երկրներից է: «Իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ժամանակակից, աշխարհիկ պետություն, որը այդ վտանգավոր տարածաշրջանում կայունության կղզյակ է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ թվարկելով վերջին մեկ տարվա ընթացքում Ալիևի վարչակազմի հեղինակած բռնաճնշումները լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ արեց ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---