Իրաքյան Քրդստանի ու ՀՀ գործակցությունն առողջապահության և կրթության ոլորտներում կխորանա

Իրաքյան Քրդստանի ու ՀՀ գործակցությունն առողջապահության և կրթության ոլորտներում կխորանա

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանը շահագրգռված է Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ գործակցություն ծավալելու հարցում: Այս մասին հայտնել է այդ երկրի պլանավորման նախարար Ալի Սինդին ՀՀ-ում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը:

Սինդին նշել է, Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից:

Քրդստանն ունի մոտ 5 մլն բնակչություն, և առողջապահությունը երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը:

Մուրադյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի ներդրման և վերահսկման ուղղությամբ: Նա անդրադարձել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին: Ներկայացվել են նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Կողմերը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվելով քայլեր ձեռնարկել գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

2012-ի սեպտեմբերին Իրաքի կառավարության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են գործակցել մի շարք ոլորտներում: 2013-ի մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:

Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարարն այցի շրջանակում հանդիպել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նա ներկայացրել է իր երկրի կրթական համակարգը և նշել, որ ՀՀ այցի հիմնական նպատակը գործակցության եզրեր փնտրելն է: Այս տեսակետից կարևորել է գործակցությունը կրթության բնագավառում՝ հատկապես շեշտելով բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերի զարգացման կարևորությունը:

Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգը, նշել է, որ հիմնված լինելով խորհրդային կրթական մոդելի վրա, վերջին շրջանում այն արդիականցվել ու նկատելիորեն բարեփոխվել է:

«ՀՀ բարձրագույն կրթական համակարգն այսօր առավել մոտ է եվրոպական կրթական մոդելին և ընդգրկված է եվրոպական կրթական տարածքում», - նշել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք բուհերում այժմ կազմակերպվում է միջազգային չափանիշներով օտարալեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բժշկական, ճարտարագիտական և ՏՏ ոլորտի մասնագիտություններով:

Սինդիին հետաքրքրել են հատկապես անգլալեզու բուհական մասնագիտական ծրագրերը, որոնց ծանոթանալու նպատակով նրանք կայցելեն մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---