Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորը Ադանայի քաղաքապետի դեմ է դուրս եկել

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորը Ադանայի քաղաքապետի դեմ է դուրս եկել

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան հայազգի Սելինա Դողանը արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել: Նա պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի ազգայնական քաղաքապետ Հուսեյն Սյոզլուի դեմ Twitter-ում հայ պատգամավորներին վիրավորող գրառում կատարելու համար:

«Որևէ ժողովրդի կամ մարդկանց խմբի այլ ժողովրդից կամ մարդկանց խմբից բարձր դասելը հանցագործություն է: Որևէ պետություն չի կարող և չպետք է դիտորդի կարգավիճակում մնա, երբ իր քաղաքացիների մի հատվածը մյուս հատվածին ճնշում կամ նվաստացնում է», - ասել է նա՝ հիշեցնելով, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածով «ժողովրդին ատելության և թշնամության դրդելը» հանցագործություն է, գրում է Ermenihaber.am-ը:

Դողանն ընդգծել է, որ չնայած օրենսդրությանը, Թուրքիայում գրեթե ամեն օր ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ ատելություն պարունակող ստորացուցիչ արտահայտություններ են կիրառվում:

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) անդամ, Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սյոզլուն Twitter-ի էջում Մեջլիս անցած 3 հայ պատգամավորին վիրավորող գրառում էր կատարել՝ վերջիններիս կապելով Թուրքիայի հասարակաց տների ցանցի նախկին սեփականատեր հայազգի Մաթիլդա Մանուկյանի անվան հետ:

Հուլիսին Թուրքիայում հայերի, միասեռականների և չինացիների հասցեին (Ույղուրական հարցի ֆոնին լարվել են թուրք-չինական հարաբերությունները) ատելություն պարունակող հայտարարություններ են հնչել։ «Գաղափարի օջախներ» անվանումով ուլտրա-ազգայնական, նեո-ֆաշիստական (հայտնի է նաև իբրև «Գորշ գայլեր») թուրքական կազմակերպության առաջնորդը սպառնալիքներ էր հղել Կարսի հայերի հասցեին այն բանից հետո, երբ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Համասյանը համերգներ է ունեցել Անիում, Աղթամարում: «Հիմա մենք ի՞նչ պիտի անենք: Պիտի՞ հայերի որս սկսենք Կարսի փողոցներում»,- ասել է Ադըգյուզելը: Նա մեղադրել է թուրք լրագրողներին ու գործիչներին, ովքեր աջակցում են հայերի գործունեությանը Թուրքիայում: Ավելին՝ նա հայերին է մեղադրել «1915-ի իրադարձությունների համար», կոչ արել «չփորձել թուրքերի համբերությունը» և խոստացել միջոցներ ձեռնարկել, եթե «նման բաները կրկնվեն»:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---