ՀայՓոստ. «ՇոփԻնԱմերիկա» հարթակի միջոցով ԱՄՆ-ից գնումները ՀՀ բնակիչների համար կդյուրացվեն

ՀայՓոստ. «ՇոփԻնԱմերիկա» հարթակի միջոցով ԱՄՆ-ից գնումները ՀՀ բնակիչների համար կդյուրացվեն

PanARMENIAN.Net - «ՀայՓոստ» ՓԲԸ-ն և ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսի 31-ին հայտարարել են ընկերության նոր ծառայության՝ «ՇոփԻնԱմերիկա» (Shopinamerica.am) հարթակի գործարկման մասին, որի միջոցով պարզեցվել է ԱՄՆ-ից կատարվող գնումներիկարգը:

Այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են կատարել ներմուծվող ապրանքների մաքսազերծումը և վճարել մաքսատուրքը «ՀայՓոստ»-ի հայաստանյան բաժանմունքներում: Ընկերության անձնակազմը մաքսազերծման վերաբերյալ վերապատրաստման արագացված դասընթացներ է անցել՝ գործընթացներն արդյունավետորեն կառավարելու նպատակով:

Ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև գործակցության արդյունքում ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ են արվել, որոնց շնորհիվ ՀՀ բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից: Մաքսազերծման գործընթացը կնպաստի ապրանքի ներմուծման թափանցիկությանը և պետեկամուտների ավելացմանը:

Shopinamerica.am հարթակի միջոցով հայաստանցի գնորդները կարող են գրանցվել և ձեռք բերել ամերիկյան փոստային հասցե Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գործող «ՀայՓոստ»-ի նորաբաց բաժանմունքում՝ այդպիսով հնարավորություն ստանալով օգտվելու ամերիկյան ապրանքների շուկայի հասանելիությունից:

Հուլիսի 21-ին ՀՀ ազգային փոստային օպերատորը բացել է իր առաջին միջազգային բաժանմունքը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Ընկերության հայաստանյան և նորաբաց ամերիկյան բաժանմունքների միջև գործող ուղիղ առաքման ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ և արագ ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին և ընկերներին:

«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունք առաքումից հետո գնված ապրանքներն անմիջապես ուղարկվում են Հայաստան՝ գնորդին առավել մոտ գտնվող փոստային բաժանմունք: Հարթակը նպատակ ունի պարզեցնելու, ավելի արագ և մատչելի դարձնելու ԱՄՆ-ից Հայաստան կատարվող առցանց գնումների առաքման գործընթացը և «ՀայՓոստ»-ի ընդլայնված ցանցի շնորհիվ այդ ծառայությունը հասանելի դարձնելու անգամ ՀՀ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշել է, որ Գլենդելում գտնվող նոր բաժանմունքը հնարավորություն է ընձեռում ապրանքների լայն տեսականի առաքելու ԱՄՆ-ից Հայաստան արագ և ապահով կերպով՝ առանց մաքսակետով անցնելու անհրաժեշտության: Ամսական մինչև 200.000 դրամ արժողությամբ և 30 կգ քաշով գնումներ կատարելու դեպքում գնորդները կարող են օգտվել ապրանքների՝ հարկերից ազատված ներմուծման հնարավորությունից:

«ՇոփԻնԱմերիկա» յուրահատուկ հարթակը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կատարվող առևտրի ծավալների մեծացմանը: Մեր նպատակն է բարելավել և ընդլայնել ծառայությունները հաճախորդների կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով: Այսուհետ դուք կարող եք գնումներ կատարել այնպես, ասես ապրում եք ԱՄՆ-ում», - ասել է նա:

Shopinamerica.am հարթակը կգործարկվի oգոստոսի 1-ից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---