The Economist. Էրդողանի գործողությունները կարող են էլ ավելի խորացնել մերձավորարևելյան քաոսը

The Economist. Էրդողանի գործողությունները կարող են էլ ավելի խորացնել մերձավորարևելյան քաոսը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևմտյան դաշնակիցները գնալով ավելի շատ են անհանգստանում այդ երկրի կամակոր նախագահից: Տանը նա դարձել է ավտորիտար առաջնորդ և ցանկանում է փոխել սահմանադրությունը` իր ձեռքում ավելի մեծ իշխանություն կենտրոնացնելու համար, իսկ դրսում նրան ընկալում են որպես Սիրիա մուտք գործելու համար գրոհայինների հանդեպ բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերող, գրում է բրիտանական The Economist պարբերականը` պնդելով, որ Էրդողանի գործողությունները կարող են էլ ավելի խորացնել մերձավորարևելյան քաոսը:

Այնուհետև պարբերականը հիշեցնում է, որ նախկինում, երբ անհրաժեշտություն կար Թուրքիան թույլ չտվեց, որպեսզի Արևմտյան բլոկը ԻՊ-ի դեմ պայքարում օգտագործի իր տարածքը, իսկ հիմա ինքն է նախաձեռնել ԻՊ-ի դեմ պայքար, որն, ըստ պարբերականի, ավելի շատ քրդական օբյեկտները գնդակոծելու տպավորություն է թողնում:

Պարբերականի դիտարկմամբ` Էրդողանը իրավիճակից օգտվելով ազգայնականներին տրամադրում է քրդերի դեմ, վտանգում քրդական խնդրի մնայուն լուծման հավանականությունը և այս կերպ թուլացնում պայքարը ԻՊ-ի դեմ, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և ԻՊ-ի դեմ պայքարին Թուրքիայի ներգրավվածությանը` պարբերականը նկատում է, որ տարածաշրջանում ուժեղ բանակ ունեցող Թուրքիան կարող էր իրեն այլ կերպ պահել, եթե իրոք ցանկություն կար պայքարելու ԻՊ-ի դեմ: Որպես օրինակ, որտեղ Թուրքիան իրեն կարող էր դրսևորել, պարբերականը բերում է Քոբանիի մարտերը:

«Բայց Էրդողանն ուներ այլ առաջնահերթություններ. Առաջին հերթին պարոն Էրդողանը իր անձնական առաքելությունն է դարձրել Սիրայի նախագահ Ասադից ազատվելը, այնուհետև նա ցանկանում է կանխել ԻՊ-դեմ պայքարում քրդերի հետագա հաջողությունները, իսկ առանց ԻՊ-ի տարածքները Թուրքիայի համար ավելի շատ քրդերից ազատված տարածքներ են հիշեցնում»,- գրում է բրիտանական պարբերականը:

Այնուհետև պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կասկածներ կան, թե Էրդողանը ցանկություն ունի մերձավորարևելյան ճգնաժամը ծառայեցնել իր ներքին խնդիրների լուծմանը:

Պարբերականի դիտարկմամբ` հարվածներ հասցնելով PKK-ին, Էրդողանը նպատակադրված է առաջիկայում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում,/b> հասնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ստացած ձայների նվազեցմանը` արդյունքում իր համար խորհրդարանում ավել ձայներ ապահովել և հասնել նոր սահմանդրության ընդունմանը:

Այս համատեքստում պարբերականը զգուշացնում է, որ Էրդողանի պարծենկոտությունը երկիրը կարող է նետել մերձավորարևելյան քաոսի մեջ, ուստի պարբերականը խորհուրդ է տալիս ԱԶԿ-ի ղեկավար կազմին տուրք չտալ Էրդողանի բանսարկություններին, խորհրդարան անցած ուժերից մեկի հետ կոալիցիա կազմել և շարունակել քրդերի հետ խաղաղ երկխոսությունը:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---