Հնգամյա գործակցության նոր ծրագիր՝ ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի միջև. Բյուջեն՝ $119 մլն

Հնգամյա գործակցության նոր ծրագիր՝  ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի միջև. Բյուջեն՝ $119 մլն

PanARMENIAN.Net - Կառավարությունում հուլիսի 31-ին ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ. 2016-2020-ը զարգացման աջակցության ծրագիր»-ը: Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է $119 մլն:

Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը՝ ազգայնացնելով ՄԱԿ-ի կողմիվ հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրի իրականացումը, մասնավորապես՝ համընդհանուր տարրական կրթության ապահովման, մանկական մահացության կրճատման, մայրական առողջության բարելավման և մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների դեմ պայքարի մասով էական առաջընթաց է արձանագրել:

2015-ին ՄԱԿ-ն ամփոփում է իր կողմից հռչակված Հազարամյակի զարգացման 8 նպատակի (ՀԶՆ) կատարումը: Նպատակները ծագել են ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրից, որն ընդունվել է 2000-ի Հազարամյակի գագաթնաժողովի շրջանակում:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է ՄԱԿ-ի «Հետ–2015» զարգացման օրակարգը և կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև պատրաստակամ է 2015-ի սեպտեմբերին դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել այդ նպատակների կատարմանը:

2012-ին կայացավ «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովը, որն ընդունեց «Ապագան, որ մենք ուզում ենք» եզրափակիչ փաստաթուղթը՝ հիմք դնելով Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և այս ամենի ընդգրկմամբ մի նոր համապարփակ փաստաթղթի նախապատրաստմանը: Բանակցային երկար գործընթացի արդյունքը՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգ» փաստաթուղթն իր մեջ ներառել է Կայուն զարգացման նպատակները, դրանց իրականացման եղանակներն ու միջոցները, ընդհանուր առմամբ` 17 նպատակ և 169 թիրախ:

«Այսօր մենք հավաքվել ենք նաև նշանավորելու Հայաստան–ՄԱԿ գործակցության նոր փուլի սկիզբը: ՄԱԿ-ի զարգացման օժանդակության 2016-2020-ի շրջանակային փաստաթուղթը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև առաջիկա հինգ տարվա համար գործակցության ուղեցույց է: Զարգացման ոլորտի գործակցության ակնկալվող յոթ հիմնական «արդյունքը», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և քաղաքացիական հասարակության կողմից: ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի հիմքում է նաև 5 ծրագրային սկզբունք՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց և տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում»,- ասել է Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս փաստաթուղթն իր մեջ ներառում է այն ոլորտները, որոնք նախանշված են ՀՀ 2014-2025-ի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, որը ընդունել են 2014-ին:

Վարչապետի խոսքով՝ այն թվով երրորդն է նման ձևաչափով՝ 2005-2010 և 2010-2015-ի համար կազմված փաստաթղթերի շարքում, և նախորդ 2 հնգամյակային փաստաթղթերի ամփոփումը ցույց է տվել, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հասարակական կյանքի մի շարք ոլորտներում:

Կառավարության ղեկավարը վստահ է, որ ստորագրվող փաստաթուղթը նույնպես իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի բնակչության բարեկեցության ապահովման գործում:

Իր հերթին, Բուզետտոն նշել է, որ այս փաստաթութը կազմում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև գործակցության շրջանակը և արտացոլում փոխգործակցության տեսլականը:

«Ծրագիրը ՄԱԿ-ի օժանդակությունը պլանավորելու ռազմավարական գործիքն է: Փաստաթուղթը հանդիսանում է ՀՀ կառավարության, Քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արգասիքը: Ծրագիրը ճանաչում է Հայաստանի արձանագրած առաջընթացը, արձանագրում նորարարական լուծումներ՝ ի պատասխան ՀՀ-ի առջև ծառացող մարտահրավերների», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը համակարգել ՄԱԿ-ի 2015 –ի եպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի համար անհրաժեշտ Հազարամյակի զարգացման նպատակների կատարման Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման աշխատանքները: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարել է վարչապետին ներկայացնել «2013-ի դեկտեմբերի 9-ի թիվ 1147N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծ, «Հետ Ռիո+20» գործընթացը կանոնակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբն անվանափոխելու և դրա աշխատանքները «Հետ 2015» օրակարգի կայուն զարգացման նպատակներին համապատասխանեցնելու համար:

Հայաստանը խոստացել է մինչև 2015-ն իրագործել ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման հետևյալ տեղայնացված նպատակները.

1. Ծայրահեղ աղքատության և սովի վերացում: Կիսով չափ նվազեցնելով օրական $1 պակաս եկամուտ ունեցող մարդկանց թիվը և թերսնումը:

2. Տարրական ընդհանուր կրթության ապահովում: Ամբողջական տարրական կրթության ապահովումը բոլոր երեխաների համար:

3. Գենդերային հավասարության խթանում և կանանց լիազորությունների ընդլայնում: Վերացնել սեռերի միջև խտրականությունը տարրական և միջնակարգ կրթության ոլորտներում:

4. Երեխաների մահացության նվազեցում: Երկու երրորդով կրճատել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը:

5. Մայրական առողջության բարելավում: Երեք քառորդով կրճատել մայրական մահացության մակարդակը:

6. Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ:

7. Շրջակա միջավայրի պահպանման ապահովում: Կիսով չափ կրճատել անվտանգ խմելու ջրին հասանելիություն չունեցող մարդկանց թիվը:

8. Զարգացման նպատակով համաշխարհային գործակցության ձևավորում: Բարեփոխել օգնությունն ու հատուկ վերաբերմունքն ամենաաղքատ երկրներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---