Իրան-ՀՀ էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գիծը կկառուցվի

Իրան-ՀՀ էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գիծը կկառուցվի

PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանըպայմանավորվել են էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները սկսելու մասին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի միջև օգոստոսի 1-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

«Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995-ին: 2012-ի տվյալներով ԷՀԳ-ի կառուցման նախագծի արժեքը գնահատվում էր 100-105 մլն եվրո: Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց միջոցով երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով։

Զրուցակիցները նաև քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցերի:

ԻԻՀ դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրան-Հայաստան երկկողմ բանակցություններն ակտիվացել են: Մինչև տարեվերջ նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---