Հացադուլ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Պահանջը՝ վերջ դնել եզդիների ցեղասպանությանը

Հացադուլ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Պահանջը՝ վերջ դնել եզդիների ցեղասպանությանը

PanARMENIAN.Net - «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն ու «Միջէթնիկ և միջմշակութային գործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանն արդեն երկրորդ օրն է՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հացադուլ են անում՝ պահանջելով ջանքեր գործադրել 1 տարի շարունակվող եզդիների ցեղասպանությանը վերջ տալու համար, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից օկուպացված Սինջար/ Շանգալ շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն, ազատել գերության մեջ գտնվող 4000 կնոջն ու երեխային:

Հացադուլավորներն օգոստոսի 3-ին՝ ժամը 19:30-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հանրային քննարկում են կազմակերպում «Եզդիների շարունակվող ցեղասպանությունը» թեմայով և մոմավառության՝ ի հիշատակ 1 տարի շարունակվող եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի:

Օգոստոսի 3-ին լրանում է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալում իրականացված և մինչ օրս շարունակվող եզդիների ցեղասպանության առաջին տարելիցը:

2014-ի օգոստոսի 3- ին «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լայնածավալ հարձակում է սկսել Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներում։ ԻԼԻՊ -ի զինյալները հարձակվելով եզդիաբնակ տարածքների վրա ստիպում էին մարդկանց կրոնափոխ լինել։ Հրաժարվելով ընդունել իսլամ՝ եզդիները ենթարկվեցին անմարդկային բռնությունների։

Ահաբեկիչները սպանեցին հազարավոր եզդիների, գերևարեցին հազարավոր եզդի կանանց և երեխաների։ «Իսլամական պետությունը» խմբավորումը գրավելով բոլոր եզդիական բնակավայրերը անխնա կոտորել է այդ տարածքներում բնակվող եզդիներին։ Արդեն մի տարի է անցել վերոնշված դեպքերից, սակայն եզդի զինյալներին դեռևս չի հաջողվում ազատագրել իսլամիստների գրաված տարածքները։

Այդ ընթացքում զոհվեց ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։

Միայն Շանգալի մարզից գաղթի ճամփան բռնեցին 400.000-ից ավել եզդի: Հազարավոր եզդիներ փախչելով ահաբեկիչների վայրագություններից բարձրացան մոտակա լեռները, մնալով առանց ապաստանի, ջրի, սննդի, բժշկական օգնության, ամեն պահի սպասելով իսլամիստների հերթական հարձակմանը։ Փախստական դարձած եզդիները ապաստան գտան Իրաքի այլ բնակավայրերում, Սիրիայում, Թուրքիայում: Շատերը շարունակում են մնալ լեռներում։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտելով տեղի ունեցած ցեղասպանությունը միևնույն ժամանակ աշխարհի բոլոր եզդիներին կոչ է անում իրենց փրկության հույսը չկապել միջազգային կառույցների և գերտերությունների բարի կամքի հետ: Նրանք կոչ են անում նաև ՀՀ բոլոր բարեգութ քաղաքացիներին աջակցել Հայաստան տեղափոխված եզդի փախստական ընտանքիներին:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30 հազար գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---