Թուրքիան լայնածավալ գործողություն կսկսի ԻՊ դեմ. Ըստ քրդերի` իրական թիրախն իրենք են

Թուրքիան լայնածավալ գործողություն կսկսի ԻՊ դեմ. Ըստ քրդերի` իրական թիրախն իրենք են

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մևլութ Չավուշօղուն հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստման մասին: Այս մասին նա ասել է TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում Մալայզիա այցի ժամանակ, որտեղ անցնում է ԱՍԵԱՆ ԱԳՆԽ-ն:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

«ԱՄՆ հետ մեր համաձայնությունների շրջանակում մենք մեծ ճանապարհ ենք անցել, հատկապես «Ինջիրլիկ» ավիաբազայի օգտագործման հարցում: Շուտով մենք ԱՄՆ հետ միասին համալիր պատերազմ կսկսենք «Իսլամական պետության» դեմ»,-ասել է նա:

Տեղական մամուլը Պենտագոնի վրա հղումով հայտնում է, որ նախօրեին ԱՄՆ-ն օգտվել է «Ինջիրլիկի» հնարավորություններից` այնտեղից առաջին անգամ զինված անօդաչու սարք է թռել: Սարքը թռիչք է իրականացրել Սիրիայի օդային տարածքում, սակայն ԻՊ դիրքերին հարվածներ չի հասցրել: Ավելի վաղ ամերիկյան անօդաչուներ թռել են ավիաբազայից, սակայն անզեն են եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ Թուրքիայում բնակվող քրդերն անհանգստացած են. նրանց խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված պայքարի հովանու ներքո Թուրքիայի ղեկավարությունն իրականում հարվածներ է հասցնում ահաբեկիչներին դիմակայող քրդերին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քրդաբնակ Դիարբեքիրի բնակիչների խոսքով, թուրք ռազմական ուղղաթիռներից իրենց բնակավայրերում հրդեհ առաջացնող սպիտակ փոշի են տարածում, որից առաջացած հրդեհները ոչնչացնում են իրենց այգիներն ու ոչխարներին: Թուրքական կողմի խոսքով, զինվորականները փորձում են ստիպել քուրդ զինյալներին դուրս գալ սարերում իրենց գաղտնի ապաստարաններից: Տեղում բնակվող քրդերի կարծիքով սակայն, իրական դրդապատճառն այլ է: Հենց քրդաբնակ Դիարբեքիրից ամեն օր տասնյակ թռիչքներ են կատարում թուրքական ռազմական ինքնաթիռները, որոնք հարվածներ են հասցնում Հյուսիսային Իրաքում տեղակայված քրդերի դիրքերին:

Դիարբեքիրում հակամարտությունը տեղաբնակ քրդերի և այստեղ ժամանած թուրք զինվորականների միջև սրվեց նախորդ շաբաթ, երբ ենթադրաբար քուրդ զինյալները ոստիկան առևանգեցին և զինվորականների դեմ կրակ բացեցին:

Քուրդ քաղաքական բազմաթիվ գործիչներ երկրի վարչապետ Էրդողանին են մեղադրում երկու ժողովուրդների միջև հակամարտությունը սրելու մեջ, նշելով, որ Թուրքիայի վարչապետը փորձում է թուլացնել ուժ հավաքող քրդական կուսակցությունները, հույս ունենալով նոյեմբերին արտահերթ ընտրություններ նշանակել և սեփական կուսակցությանը վերադարձնել խորհրդարանական մեծամասնությունը:

Միևնույն ժամանակ, հասարակ մարդիկ անհանգստացած են, որ Թուրքիան կարող է վերադառնալ հին ժամանակներին, ուր տիրում էին ուժի գործադրումը, վրեժը և սպանությունները.

Օգոստոսի 5-ին Turkish Airlines ընկերության Ստամբուլ-Գազինատեպ չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին գրություն է հայտնաբերվել: Չվերթը հետաձգվել է: Ոստիկանությունը զննություն է անցկացնում, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:

Հուլիսի 25-ին հանրապետության վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ ձերբակալվել է մոտ 600 մարդ ահաբեկչական գործունեության կասկածանքով:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---