Freedom House-ի նախագահ. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքները խախտողների դեմ

Freedom House-ի նախագահ. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքները խախտողների դեմ

PanARMENIAN.Net - Freedom House-ի նախագահ Մարկ Լագոնը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել Վաշինգտոնին և Արևմուտքին առհասարակ արձագանքել մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին և քաղաքացիական հասարակության հետապնդումներին Ադրբեջանում:

«Իրավիճակը ծայրահեղ ծանր է, Ադրբեջանում ավելի շատ քաղբանտարկյալ կա, քան Ռուսաստանում և Բելառուսում միասին վերցրած»,-ասել է նա: Փորձելով մեկնաբանել իշխանությունների դաժանության պատճառը` Լագոնն ասել է, որ «ավտորիտար և կոռումպացված ռեժիմները վախենում են քաղաքացիական հասարակությունից, որը մերկացնում է իշխանությունների հանցագործությունները: Հետապնդումները բերանը փակելու և քննադատող ձայները խլեցնելու փորձ են»,-ասել է նա, հայտնում է contact.az-ը:

Միևնույն ժամանակ, դա վկայում է, որ Բաքուն պատշաճ ճնշում չի զգում միջազգային հանրության կողմից: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, մեծ հետաքրքրություն դրսևորելով էներգետիկայի, առևտրի և անվտանգության հարցերի հանդեպ, նույնքան ուշադրություն չեն հատկացնում մարդու իրավունքներին: Դա հիմք է տալիս իշխանություններին այդ կերպ վարվել, ասել է Freedom House-ի ղեկավարը:

Այն հարցին, թե այդ դեպքում ինչ պետք է անի Արևմուտքը, Լագոնը նշել է, որ Ամերիկայում կա հստակ մեխանիզմ` պատժամիջոցների կիրառում կոռումպացված անձանց և մարդու իրավունքների խախտողների դեմ:

«Հիմա ամենապատշաճ պահն է այդ պատժամիջոցների կիրառման համար»,-ասել է նա: Լագոնը նշել է նաև, որ Վաշինգտոնը չպետք է առևտուր անի այդպիսի երկրների հետ: «Դա արմատապես հակասում է ԱՄՆ շահերին, էլ չենք ասում մեր արժեքների մասին»,-ասել է նա:-Այս ֆոնին, բրիտանական ВР-ն բիզնես է կառուցում Ադրբեջանում, իսկ Բաքուն ստանում է իր բոլոր եկամուտները Արևմուտքում իր նավթի վաճառքից և բոլոր իր միջոցները պահում է արևմտյան բանկերում: Կարող ենք այսքանից հետո պնդել, որ Արևմուտքը լծակներ չունի Ադրբեջանի վրա ներգործելու համար: Դա կբխեր ԱՄՆ և միջազգային ընկերությունների շահերից»,-ասել է Լագոնը:

Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային կոալիցիան հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ «բռնաճնշումների աննախադեպ ալիքի» մեկնարկի առաջին տարելիցի կապակցությամբ: «Ադրբեջանի կառավարության կողմից աննախադեպ ճնշումների ու մարդու իրավունքների խախտումների մեկնարկից մեկ տարի անց երկրում իրավիճակը շարունակում է վատթարանալ: «Սպորտը հանուն իրավունքների» (Sport for Rights) կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ և հրապարակայնորեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին և միջոցառումներ ձեռնարկել երկրի քաղաքացիական հասարակության աջակցության համար», -ասված է փաստաթղթում:

Հայտարարության մեջ թվարկվում են համեմատաբար աղմկահարույց գործերը, ինչպես, օրինակ, Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի, Ինթիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի, Էմին Հուսեյնովի, Խադիջա Իսմայիլովայի և այլոց: Նշվում է, որ շատ իրավապաշտպաններ ու լրագրողներ ստիպված են եղել լքել Ադրբեջանը՝ զգուշանալով իրենց անվտանգության համար: «Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Ադրբեջանի վրա՝ որպես վատագույն վայրը խիզախ, անկախ և մտածող մարդկանց համար»,- կարծում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ղեկավար Նինա Օգնյանովան:

Հուլիսի 27-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի` նախկին ԽՍՀՄ պետություններից՝ Թուրքմենստանից և Ուզբեկստանից հետո Ադրբեջանն ամենաավտորիտար երկրներից է: «Իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ժամանակակից, աշխարհիկ պետություն, որը այդ վտանգավոր տարածաշրջանում կայունության կղզյակ է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ թվարկելով վերջին մեկ տարվա ընթացքում Ալիևի վարչակազմի հեղինակած բռնաճնշումները լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ արեց ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---