Պերմյակովի գործով դատական նիստը` օգոստոսի 12-ին. Կալանքը երկարաձգվել է մինչև 2016-ի հունվար

Պերմյակովի գործով դատական նիստը` օգոստոսի 12-ին. Կալանքը երկարաձգվել է մինչև 2016-ի հունվար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը, որը տեղակայված է Հայաստանում, 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով բաց դատական նիստը նշանակել է օգոստոսի 12-ին: Այս մասին հայտնել է Հյուսիս-կովկասյան շրջանային ռազմական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կածկալոն:

Դատարանը նաև երկարացրել է Պերմյակովի կալանքի տակ գտնվելու ժամկետը մինչև 2016–ի հունվարի 30-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս զինծառայողին մեղադրանք է ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ զենքով դասալքությունն, զենքի և զինամթերքի գողանալը և զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերումը, փոխանցումը, պահպանումը, տեղափոխությունը և կրումը:

Պերմյակովի նկատմամբ քրեական գործ է հարուցել նաև հայկական կողմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն):

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

Դրանք պատկանում են Պերմյակով ազգանունով անձին, որը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանությունը տեղի է ունեցել ժամը 03։05-ի սահմաններում, մահվան պատճառ են դարձել հրազենից արձակված կրակոցները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը։ Նա նշել է, որ սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---