ԱՄՆ-ն և Բրիտանիան քննադատել են Յունուսների դատավճիռը. Պետդեպը պահանջում է ազատել նրանց

ԱՄՆ-ն և Բրիտանիան քննադատել են Յունուսների դատավճիռը. Պետդեպը պահանջում է ազատել նրանց

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռն ու պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց: Դա բխում է Ադրբեջանի շահերից՝ միջազգային պարտավորությունները կատարելու և իրենց քաղաքացիների իրավունքներն ապահովելու համար, և կարևոր քայլ է՝ բարգավաճ ու կայուն ապագա կառուցելու ճանապարհին:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանական դատարանի որոշումով: Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ», - ասված է հայտարարության մեջ, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Պետքարտուղարությունը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Օգոստոսի 13-ի նիստի ժամանակ կտրուկ վատացել էր Արիֆ Յունուսի առողջական վիճակը: Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների՝ ամուսիններն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։ Օգոստոսի 6-ին դատարանում 60-ամյա պատմաբանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, նախագահող դատավոր Աֆղան Հաջիևը շտապօգնության բրիգադի բշիշկներին թույլատրել է տեղում հետազոտել ամբաստանյալին և օգնություն ցույց տալ, ապա կարգադրել շարունակել նիստը։ Այդ ընթացքում նրա կինը մեղադրական հայտարարություններ է հնչեցրել դատավորի և դատախազի հասցեին։ Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում, ուստի դատական գործընթացը կարելի է շարունակել։

Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն է հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ։

«Դատական գործի որոշ կողմեր, որոնք նկատել են մեր դիտորդները, հիմքեր են տալիս ասելու, որ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի։ Դրանցից մեկն այն է, որ դիվանագետներին ու դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել դատավարությանը։ Հատկապես մտահոգում է Յունուսների առողջական վիճակի վատացումը։»,- ասել է բրիտանացի նախարարը՝ հավելելով, որ նա հանդիպումների ընթացքում պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին, և այդ հարցն ուշադրության կենտրոնում է պահելու նաև առաջիկայում:

Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Նա տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։ Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։

Յունուսների ձերբակալումից առաջ ձերբակալվել է նաև հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 –ին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը:

Ըստ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի՝ իշխանությունները բացահայտ վրեժ են լուծում Լեյլա Յունուսից, քանի որ նա առանց վախենալու պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները, քաղաքացիների իրավունքները, որոնց տները քանդում են:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---