Յունուսների դատավճիռն անարդար է. Եվրախորհրդարանի ղեկավարը պահանջում է ազատել նրանց

Յունուսների դատավճիռն անարդար է. Եվրախորհրդարանի ղեկավարը պահանջում է ազատել նրանց

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին չափազանց անհանգստացրել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը:

«Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով: Օգոստոսի 13-ի նիստի ժամանակ կտրուկ վատացել էր Արիֆ Յունուսի առողջական վիճակը: Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների՝ ամուսիններն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։ Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում:

Շուլցը նաև անդրադարձել է լրագրողներ Ռասիմ Ալիևի սպանությանն ու Խադիջա Իսմայիլովայի դատավարությանը՝ ընդգծելով, որ սպանությունն ու քրեական հետապնդումը, Յունուսների դատավարությունն ու դատավճիռն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա իրականացվող ճնշումների օրինակներ են:

Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիևին ծեծի են ենթարկել մարդիկ, ովքեր ներկայացել են որպես նրա կողմից քննադատության ենթարկված ֆուտբոլիստի ազգականներ: Ստացված վնասվածքներից լրագրողը մահացել է հիվանդանոցում:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան 2014-ի դեկտեմբերից կալանքի տակ է: Նա ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

Շուլցը Ադրբեջանի կառավարությանը հիշեցրել է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին, այդ թվում՝ ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» շրջանակում:

«Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ օգտի համար պետք է բարելավեն իրավիճակը»,-ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը։

Օգոստոսի 14-ին ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն է հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ։

Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Նա տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։ Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։

Ըստ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի՝ իշխանությունները բացահայտ վրեժ են լուծում Լեյլա Յունուսից, քանի որ նա առանց վախենալու պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները, քաղաքացիների իրավունքները, որոնց տները քանդում են:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---