Հայ էքստրեմալները լողալով անցել են Սևանի 10 կմ-ը՝ առանց հանգստի

Հայ էքստրեմալները լողալով անցել են Սևանի 10 կմ-ը՝ առանց հանգստի

PanARMENIAN.Net - Օգոսոտոսի 15-ին Հայաստանում բացվել է էքստրեմալ լողի ակումբ, որի նպատակն է բաց ջրամբարները լողալով անցնելը: Նույն օրը ակումբի հիմնադիր Աշոտ Պետրոսյանը և 10 երիտասարդ 3 ժամում առանց հանգստի լողալով անցել են Սևանա լճի 10 կմ տարածք:

Տարածությունը հաղթահարելուց հետո Պետրոսյանը նկատել է, որ բավականին դժվար էր լողալը, քանի որ լճում առկա ներքին հոսանքները դժվարացնում էին լողը:

Վերջին տարիներին Պետրոսյանը մասնակցել է տարբեր էքստրեմալ սպորտաձևերի փառատոններին, որից հետո մտադրվել է Հայաստանում ստեղծել բաց ջրերում լողալու էքստրեմալ սպորտաձևը:

2008-ին Պետրոսյանին հաջողվել է 11 ժամում ավելի քան 55 կմ լողալով անցնել Սևանա լիճը՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:

Ողջունելով ակումբի բացման մասնակիցներին՝ լողորդը նշել է, որ ակումբում կարող են մարզվել բոլորը՝ անկախ տարիքից և սեռից:

«Մեր ակումբի նպատակն է կոփված և առողջ սերունդ դաստիարակել, դժվարությունների հաղթահարմանը պատրաստել: Գաղափարը ոչ միայն առողջ ապրելակերպին է ուղղված, այլ նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը: Քանի որ վերջին ժամանակշրջանում Սևանա լճի նկատմամբ մարդկանց վերաբերմունը ոչ բարեխիղճ է, և մաքրությանն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, մասնակիցներն այս քայլով խրախուսում են պահպանել բնությունը, իսկ լողորդներն ու քաղաքացիները վայելում են բարձր լեռնային քաղցրահամ լճի էկոլոգիական օգտակարությունը», - ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումը կազմակերպվելու է ամեն տարի և ներգրավելու է նաև այլ երկրներից լողորդներ:

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Սևանա լիճը Հայաստանի ու տարածաշրջանի քաղցրահամ ջրի «ռազմավարական» պաշարն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---