Այվազովսկու գողացված կտավը հայտնաբերվել է

Այվազովսկու գողացված կտավը հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - ՌԴ Տարուսայի պատկերասրահի կողոպուտի կասկածանքով ձերբակալվել է Կալուգայի 2 բնակիչ, նրանց մոտից առգրավվել են գողացված կտավները (այդ թվում Հովհաննես Այվազովսկու կտավը), հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Պատճառած վնասը գնահատվում է 7,5 մլն ռուբլի:

Ընթացիկ տարվա հուլիսի 9-ին ՌԴ Կալուգայի շրջանի Տարուսա քաղաքում երկու անհայտ դիմակավոր ներխուժել է պատկերասրահի տարածք: Սպառնալով ատրճանակի նման առարկայով պատկերասրահի տնօրենին և արվեստաբանին` ոճրագործները կապել են նրանց ու գողացել են Հովհաննես Այվազովսկու «Ծովը Կապրի կղզու մոտ» կտավը, Վասիլի Պոլենովի «Երուսաղեմցի հրեայի գլուխը» և անհայտ նկարչի մի կտավ:

«Հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել են Կալուգայի 31-ամյա և 33-ամյա բնակիչներ, որից մեկը նախկինում դատված է եղել: Նրանցից առգրավվել են գողացված նկարները»,-ասել է Ալեքսեևան: Նա հավելել է, որ անհայտ նկարչի կտավը ոստիկանները հայտնաբերել են մայրաքաղաքի լոմբարդներից մեկում: Այս փաստով հարուցված է քրեական գործ:

Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Հովհաննես Այվազովսկու կտավները մշտապես պահանջված են աշխարհի ամեահայտնի աճուրդի տներում:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:

Այվազովսկու «Իններորդ ալիք» (1850) կտավն ընդգրկվել է արվեստի մասին միջազգային The Creative Business բլոգի աշխարհի 10 լավագույն կտավի ցանկում, որոնք պատկերում են փոթորկոտ ծովը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում աշխատանքները ներկայացված են Գերմանիայի, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---