6 ամսում 5.629 մարդ ստացել է ժամանակավոր աշխատանք՝ սեզոնային զբաղվածության ծրագրով

6 ամսում 5.629 մարդ ստացել է ժամանակավոր աշխատանք՝ սեզոնային զբաղվածության ծրագրով

PanARMENIAN.Net - 2015-ի առաջին կիսամյակի ընթացքում սեզոնային զբաղվածության ծրագրով 5.629 անձ դարձել է ժամանակավոր զբաղված: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից հանրապետության մարզերի գյուղական համայնքներում շարունակվում են տարեսկզբին մեկնարկած «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման աշխատանքները:

Ծրագրի բյուջեն 2015-ին՝ 2014-ի համեմատ գրեթե կրկնապատկվել է: Այն կազմում է մոտ 1.12 մլրդ, որի շրջանակում նախատեսված է տարվա ընթացքում պայմանագիր կնքել 3.217 հողօգտագործողի հետ:

Օգոստոսի 14-ի դրությամբ ծրագրի շրջանակում պայմանագիր է կնքվել 4.342 հողօգտագործողի հետ. արդյունքում 5.629 շահառու դարձել է ժամանակավոր զբաղված: Ծրագրում ընդգրկված համայնքների ընդհանուր թիվը 460 է, մշակվող հողատարածքների չափը՝ 7076.745 հա:

Ծրագրի շրջանակում մշակվել են նոր կուլտուրաներ, հիմնվել են պտղատու այգիներ: Հիմնական մշակաբույսերն են՝ խնձոր, դեղձ, ծիրան, տանձ, սալոր, ելակ, մորի, խաղող, ձմերուկ, ծխախոտ, վարունգ, պոմիդոր, լոբի, սոխ, պղպեղ, կաղամբ, ծաղկակաղամբ, սմբուկ, բամիա, ցորեն, կարտոֆիլ, գարի, դդում, եգիպտացորեն, ընկույզ, առվույտ, կորնգան, բնական խոտ:

Ծրագրի շրջանակում մեկ օրվա աշխատանքի դիմաց հողօգտագործողին և ծրագրում ընդգրկված հողօգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարվում է 4.000-ական դրամ, ևս 3 .000 դրամ վճարվում է ծրագրում ընդգրկված վարձու աշխատողին: Բացի այդ, գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5.000 դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350.000 դրամը:

Նախնական հաշվարկներով այս պահի դրությամբ կնքված պայմանագրերի գինը կազմում է 739.2 մլն դրամ: ՀՀ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում շարունակվում են աշխատանքները մարզպետարանների կողմից ներկայացված անձանց գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---