Օհանյան. Ժամանցային համակարգը մարզահամերգային համալիրից դուրս է լինելու

Օհանյան. Ժամանցային համակարգը մարզահամերգային համալիրից դուրս է լինելու

PanARMENIAN.Net - Մշակութային, ժամանցային, ռեստորանային համակարգերը, որոնցով զարգացվելու է մարզահամերգային համալիրը ոչ թե նրա ներսում են լինելու, այլ համալիրից դուրս այն տարածքում, որը նույնպես համալիրի ընդհանուր տարածքի մաս է կազմում: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Համալիրը միայն ու միայն ուղղված է լինելու մշակութաժամանցային միջոցառումների՝ ավելի բարձր մակարդակով իրականացմանը: Այն պատշաճ տեսքի պետք է բերենք, որ կարողանանք ներկայանալի լինել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սեփականատիրոջ կողմից լուրջ ներդրումներ են կատարվելու մարզահամերգային համալիրի զարգացման ուղղությամբ, իսկ սեփականաշնորհման գործընթացը լուրջ վերահսկողության տակ է գտնվում, գրում է Tert.am-ը:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Հարցին, թե արդյոք վտանգավո՞ր չէ համալիրի՝ մասնավոր սեփականություն դառնալը, Օհանյանը պատասխանել է.

«Չեմ կարծում, որ վտանգավոր է. այն ՀՀ-ում է գտնվում և թևեր չի առնելու ու թռնի Հայաստանից»:

ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---