ԵՏՄ-ն կուսումնասիրի Իրանի հետ Առևտրի ազատ գոտու ստեղծման հնարավորությունը

ԵՏՄ-ն կուսումնասիրի Իրանի հետ Առևտրի ազատ գոտու ստեղծման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է կայացրել ԵՏՄ և Իրանի միջև Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է հանձնաժողովը:

Խորհրդի վերջին նիստում քննարկվել է նաև Իսրայելի հետ համագործակցության հետագա զարգացման հարցը, այդ թվում հնարավոր պայմանավորվածությունն ԱԱԳ մասին համաձայնության շուրջ բանակցությունների մասին: Նաև որոշում է կայացվել Հարավային Կորեայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և Վիետնամի հետ ԱԱԳ համաձայնության իրագործման միջոցառումների ծրագրի հաստատման վերաբերյալ:

Իրանի հետ բանակցությունների մասին հայտնի դարձավ ընթացիկ տարվա մայիսին: «Իրանը հանդես է եկել նախաձեռնությամբ, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հուսով ենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասաց այն ժամանակ ԵՏՄ առևտևրի նախագահ Անդրեյ Սլեպնյովը:

Նա նշեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն, որոնք կնպաստեն բանակցությունների մեկնարկին: «Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում կքննարկենք նախաձեռնությունները հայկական բիզնեսի և հայ կանոնակարգողների հետ` հաշվի առնելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անմիջական ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ: Մենք հասկանում ենք առանձնահատկությունները, որ կան Իրանում առևտրի կանոնակարգման ոլորտում, և հուսով ենք, որ հայ գործընկերների փորձը կօգնի մեզ»,-հայտարարել է Սլեպնյովը, հայտնում է Ինտերֆաքս-Արևմուտքը:

Մայիսի 25-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին:«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդիրը»,-ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում:

Ըստ Սլեպնյովի, Չինաստանը ևս շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է ԵՏՄ անդամ երկրների համար: Ըստ նրա, «չինական կողմի հետ արդեն քննարկվել է տնտեսական գործակցության հարցը և առաջիկայում բանակցությունները կմեկնարկեն»:

Եգիպտոսի իշխանությունները ևս հայտ են ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---