Պետությունը պատրաստ է հոգալ ավագ դպրոցի կրթության ծախսը. Ուսումնական ծրագիրը կվերանայվի

Պետությունը պատրաստ է հոգալ ավագ դպրոցի կրթության ծախսը. Ուսումնական ծրագիրը կվերանայվի

PanARMENIAN.Net - Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3-4 հազ. աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այս մասին օգոստոսի 25-ին տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մասնակցելով հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է օգոստոսի 25-ին ՀՀ Տավուշի մարզում: Նախարարը այդ օրը նաև հանդիպել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև այցելել սահմանամերձ գյուղերի՝ Դովեղի և Բերդավանի դպրոցներ:

«Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարևորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ 3 տարվա կրթության ծախսերը», - ասել է Աշոտյանը:

Նախարարը նաև նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է դպրոցական ամբողջ ուսումնական ծրագրի վերանայում:

«Եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. մեր դպրոցական հանրակրթական բովանդակությունը կորցրել է այն կուռ կառուցվացքը և տրամաբանությունը, որը պետք է ունենար: Շատ են դժգոհություններն առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության և միջառարկայական կապերի թույլ արտահայտվածության վերաբերյալ» – ասել է Աշոտյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է Կրթության զարգացման 2016-2025-ի պետական նոր ծրագրի մասին՝ ակնկալելով ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ: Նա ներկայացրել է նաև դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը և դրա հիմքերը:

Աշոտյանը նշել է, որ նոր ուսումնական տարվա շեմին կան բազմաթիվ հին խնդիրներ, որոնք մարզպետարանի, համապատասխան հաստատությունների հետ գործակցված աշխատանքի շնորհիվ օպերատիվ լուծում կստանան: Նախարարը կարևորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը՝ շեշտելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է:

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած մանկավարժների ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ և այս ուսումնական տարիների միջև: Այսպիսով, մարզի դպրոցների թիվն անփոփոխ է. 81 դպրոց, որից 4-ը՝ ավագ, ուսուցիչները 2119 են, կանխատեսվում է ունենալ 886 դասարան՝ 862-ի փոխարեն, 15295 աշակերտ՝ 14671-ի փոխարեն և 1770 առաջին դասարանցի՝ 1485-ի փոխարեն:

Աշոտյանը Տավուշի մարզի տնօրեններին է ներկայացրել այն կարևոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում: Մասնավորապես, ԱԺ-ի օրենքը, ըստ որի՝ սկսած 2017 –ից պարտադիր հանրակրթության տևողությունը մեր երկրում կլինի 12 տարի:

Նախարարը նաև անդրադարձել է մարզում ներառական կրթության ներդրման հաջողված փորձին՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ ամեն տարի 300 երեխա մարզում դառնում է հասարակության լիիրավ անդամ: Աշոտյանի խոսքով՝ այս հարցում մարզն արդարև համարվում է առաջամարտիկ, թեև առկա է համապատասխան մասնագետների կարիք:

Տավուշի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում նախարարը մատնանշել է տարակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հորդորելով ավելի ակտիվ և նախաձեռնող լինել:

Առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի Տավուշի մարզի ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին. վերջիններիս կտրվեն նաև համակարգչային սարքավորումներ, իսկ սահմանամերձ կրթօջախներին՝ առանձին օգնություն: Նախարարն անդրադարձել է նաև նախակրթարանների հիմնման խնդրին մարզի այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա: Աշոտյանի խոսքով՝ այս տարի ևս 100 դպրոց կներառվի "Ազգային երգն ու պարը" որպես պարտադիր առարկա ներդնելու փորձնական ծրագրում, որում ընդգրկված են որոշ դպրոցներ նաև Տավուշի մարզից:

Նախարարն այցելել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսկան կազմի հետ: Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն անդրադարձել է մարզում ուսուցչական համակարգի համալրման նպատակով անցկացվող մրցույթներին: Նա որպես խնդիր նշել է այն հանգամանքը, որ բուհ ընդունվող տղաների ուսման մակարդակը բավականին իջել է՝ մարզի մանկավարժների ուշադրությունը հրավիրելով այդ փաստի վրա, իսկ որպես նվաճում արձանագրել, որ Տավուշի մարզից 3 տասնյակից ավելի շրջանավարտներ ընդունվել են Բժշկական համալսարան:

Նախարարի այցը շարունակվել է Նոյեմբերյանի շրջանում, որտեղ նա եղել է մի շարք սահմանամերձ համայնքների դպրոցներում: Մասնավորապես, նախարարն այցելել է Դովեղի և Բերդավանի դպրոցներ, հանդիպել դպրոցի մանկավարժական կազմին, լսել նրանց հուզող հարցերը:

Աշոտյանը նշել է, որ պետությունը սահմանամերձ մարզի համար հեռահար կրթական քաղաքականություն է մշակում: Նրա խոսքով՝ ուսուցիչ աշխատելն առաքելություն է, իսկ սահմանամերձ համայնքի դպրոցում աշխատելը՝ կրկնակի առաքելություն:

«Տավուշի մարզի բազմաթիվ գյուղերի ուսուցիչներ ամեն օր սխրանք են գործում՝ աշխատելով հավանական կրակի տակ, ապագա սերունդներին փոխանցելով գիտելիքներ ու արժեքներ: Այստեղի կրթական հիմնախնդիրները պայմանավորված են տարածաշրջանի ռազմավարական կարևորությամբ», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախարարությունը Տավուշի որոշ սահմանամերձ գյուղերի կտրամադրի աշակերտական գույք և համակարգչային սարքավորումներ: Որոշակի աջակցություն կցուցաբերվի նաև դասագրքերի ապահովման հարցում:

Սահմանը պահող գյուղերի ուսուցիչներին հիմնականում հուզում էին ուսանողների ուսման վարձերի զեղչերի, դպրոցների վերանորոգման և ուսուցիչների՝ սոցիալական փաթեթում ներգրավվածության հարցերը: Այդ կապակցությամբ նախարարը տեղեկացրել է, որ 2014-ին Կառավարության նախաձեռնությամբ զեղչվել էր սահմանապահ որոշ գյուղերի ուսանողների ուսման վարձը:

«Այս տարի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում հնարավոր է որոշակի օգնություն ցուցաբերվի նաև այլ գյուղերին», - ասել է Աշոտյանը՝ ընդգծելով, որ ներկայումս հստակեցվում է համայնքների ցանկը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում երկու գյուղերում էլ կնախաձեռնվի նախակրթարանների ծրագրի իրականցումը:

ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-2016 ուսումնական տարում կսովորի 65 աշակերտ: Անցած տարի աշակերտների թիվը եղել է 74: Դպրոցն ունի 20 ուսուցիչ: Իսկ սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցում 2015-2016-ին կսովորի մոտ 380 աշակերտ: Ամեն տարի այս դպրոցի աշակերտների առնվազն 60%-ն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ. 2015-ի 39 շրջանավարտներից 23-ն ընդունվել է պետական բուհեր: Ավագ դասարանների աշակերտների թիվը գերազանցում է 100-ը: Բերդավանի միջնակարգ դպրոցն ունի 47 մանկավարժ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---