Սահակյան. «Դվին» հյուրանոցում մոտ $4 մլն-ի ներդրում է կատարվել

Սահակյան. «Դվին» հյուրանոցում մոտ $4 մլն-ի  ներդրում է կատարվել

PanARMENIAN.Net - «Դվին» հյուրանոցում արդեն իսկ $3 մլն 900.000-ի ներդրում է իրականացվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` խոսելով հյուրանոցի շինարարության մասին:

2013-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման և արդիականացման ծրագրին: Մինչև 2016-ը հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսված է կատարել $13.6 մլն-ին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում:

«Դուք ինքներդ կարող եք գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են և ստանձնած պարտավորություններից էլ ավելի մեծ ներդրումներ է կատարվելու հյուրանոցային համալիրում», - ասել է Սահակյանը:

Վարչության պետի խոսքով՝ հյուրանոցի վերակառուցման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2016-ը, սակայն հաշվի առնելով իրականացվող աշխատանքների ծավալը՝ շենքի կառուցում և ամրացում, ժամկետները կհետաձգվեն:

2003-ին «Դվին» հյուրանոցը վաճառվեց «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը 3 մլն դոլարով: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ սեփականատերերից մեկը ռուսական էստրադայի աստղ Իոսիֆ Կոբզոնն է: Գնորդը խոստացել էր 5 տարվա ընթացքում ներդնել $30 մլն՝ վերածելով այն 5-աստղանի հյուրանոցի:

Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի գործունեությանը, մասնավորապես, պայմանագրային պարտավորությունների կատարմանը, Սահակյանը տեղեկացրել է, էր պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով 2015-ի առաջին կիսամյակի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել 16 գնորդ, որոնց պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 241 մլն 378.000 դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 7 աշխատատեղ:

Ըստ նրա՝ նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել են 15 գնորդ, որոնց ներդրումները կազմել են մոտ 261 մլն 182.000 դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով ստեղծվել է 30 աշխատատեղ, գրում է Panorama.am-ը:

Սահակյանը նաև հայտնել է, որ նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չեն կատարվել 1 գնորդի կողմից, այն կազմել է 2 մլն 666.000 դրամ, որի արդյունքում հաշվարկվել է 533.000 դրամի տուգանք, գործը ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում է:

Վարչության պետը տեղեկացրել է, որ պետական գույքի նվիրաբերության պարտավորություններ են սահմանվել մեկ պայմանագրով, որով կատարվել է 11 մլն 600.000 դրամի ներդրում:

Հաշվետու ժամանակաընթացքում ևս մեկ` ծառայությունների մատուցման պայմանագրով 284 մլն 400.000 դրամ և 124 մլն 800.000 դրամ արժեքներով շինարարական-վերանորոգման աշխատանքների պարտավորություն են ստանձնել, որոնք ևս կատարվել են սահմանված ժամկետում:

2015-ի անցած ամիսներին իրավաբանական վարչության գործունեության արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 9 մլն 263.000 դրամ, հիմնականում՝ վարձակալությունից: Նախորդ տարվա նույն շրջանում հետ բերված գումարը կազմել է 38,5 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---