Աթոյան. Սոչիում ՀՀ-ից ներմուծված թառափը թյուրիմացաբար է այրվել, փոխհատուցման հարց կարող է բարձրացվել

Աթոյան. Սոչիում ՀՀ-ից ներմուծված թառափը թյուրիմացաբար է այրվել, փոխհատուցման հարց կարող է բարձրացվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանից ներմուծված թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակը այրվել է թյուրիմացաբար՝ համապատասխան կառույցի չինովնիկների անտեղյակության պատճառով: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին ասել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:

Օգոստոսի 21-ին Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» Սոչիի օդանավակայանում հայտնաբերել է «Իշխան Արարատ» ՍՊԸ-ի Հայաստանից ներմուծված 200 կգ թառափը և այրել է այն: ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ու ՌԴ պետական սահմանին սահմանային-անասնաբուժական հսկողության բաժնի Կրասնոդարի մարզի տրանսպորտային վարչության պետի տեղակալ Վիկտորիա Կակոսյանը հայտնել է, որ պատճառն այն է, որ հայկական ընկերությունը չի ունեցել արտադրանքի ներմուծման համար անհրաժեշտ հավաստագիր և ընդգրկված չի եղել «Ռոսսելխոզնադզորի» ձեռնարկությունների ցանկում:

«Թյուրիմացությունը ճշտելու և ժամանակավրեպ հայտարարություններ չանելու համար, մենք նախապատրաստում ենք համապատասխան գրություն, որը պետք է ուղարկվի տվյալ մաքսատուն: Մենք պետք է գործնական քայլերի և միջոցների դիմենք, որպեսզի հետագայում նաև վնասի փոխհատուցման հարց բարձրացնենք», - ասել է Աթոյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ մոտ 2-3 օր այդ խմբաքանակը մնացել է Սոչիի մաքսակետում, որի ընթացքում ապրանքը պահպանման ժամկետի խախտման պառճառով սկսել է որակական հատկանիշները կորցնել:

«Այդ ընթացքում Սոչիի մաքսավորները առաջնորդվել են ոչ թե ԵՏՄ անդամ երկրին վերապահված իրավունքների տեսակետից, ըստ որի՝ ԵՏՄ անդամ երկիրը իրավունք ունի ոչ թե արտահանելու, այլ տեղափոխելու ապրանքը, այլ առաջնորդվել են մինչև Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու իրեն վերապահված իրավունքներից, որը ենթադրում է ոչ թե ապրանքի տեղափոխում, այլ արտահանում», - պարզաբանել է Աթոյանը:

Մինչև 2015-ի հունվարի 1-ը ՀՀ-ն արտահանող երկիր էր Ռուսաստանի Դաշնության և ԵՏՄ անդամ մյուս երկրների համար, սակայն 2015-ի հունվարի 1-ից՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, Հայաստանը ոչ թե արտահանող, այլ տեղափոխող երկիր է:

«Թյուրիմացությունը կայանում է նրանում, որ համապատասխան կառույցի ներկայացուցիչները առաջնորդվել են նախկին օրենսդրության պահանջներով:Այժմ մեր նպատակն է, որ շտկվի այդ ամենը, որպեսզի հետագայում նման գործառույթներ թույլ չտան մեր նկատմամբ », - հավելել է ՀԿ-ի նախագահը:

Նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նույնպես քայլեր է ձեռնարկում՝ տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կարող է ՌԴ առաքել այն ձեռնարկությունների անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքը, որոնք ներառված են «Ռոսսելխոզնադզորի» ցանկում: Ընկերությունները կարող են ընդգրկվել ցուցակում` համապատասխան դիմում ներկայացնելով էկոնոմիկայի նախարարությանը:

2014-ին Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների արտահանել է մոտ 2 հազար տոննա ձուկ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ձկնորսության և ձկնաբուծության ծավալները Հայաստանում 2014-ին կազմել են 28,65 մլրդ դրամ, ինչն ավելի է 2013-ի ցուցանիշից 24,6 տոկոսով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---