Բախումները Թուրքիայում շարունակվում են. Կան վիրավորներ

Բախումները Թուրքիայում շարունակվում են. Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի մի շարք քաղաքներում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներ են իրականացվել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականի կայքը, Բինգյոլում գտնվող ամբարտակի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Հարձակմանը հակադարձել են ամբարտակը պահպանող թուրք զինվորները:

Հարձակումն իրականացնելու համար մեղադրվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ (ՔԱԿ) զինյալները: Շրջանում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել՝ հարձակվողներին բռնելու համար, հայտնում է Tert.am-ը:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է Օսմանիեում հերթապահություն իրականացնող ոստիկանության վրա կրակ բացելու դեպքի մասին: Շրջան լրացուցիչ բանակային ուժեր են ուղարկվել, այստեղ ևս գործողություն է իրականացվում՝ քուրդ զինյալների վնասազերծելու ուղղությամբ:

Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է տեղի ունեցել Գազիայնթապ քաղաքում: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հարձակվողների մեքենան, որում զենք ու զինամթերք է հայտնաբերվել: Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է 3 մարդ:

Վանում ոստիկանական ավտոմեքենայի վրա կրակ են բացել նռնականետից, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ: Այստեղ նույնպես լայնածավալ գործողություն է սկսվել։

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ:

Օգոստոսի 25-ին Կարս նահանգում պայթեցվեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված: Քուրդ զինյալներն օգոստոսի 23-ին Թուրքիայում առևանգեցին 11 մաքսային տեսուչի և նրանց վարորդին, հայտարարել են թուրք զինվորականները: Առևանգումը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին` Կապիկոյ սահմանակետում: 2 զինծառայող է զոհվել Հաքքյարի գավառում ճանապարհամերձ ականի պայթյունից, հայտնել է Anadolu գործակալությունը: Հեռակառավարվող պայթյունի թիրախը զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան էր: 3 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Համարվում է, որ պայթյունի ետևում ՔԱԿ զինյալներն են կանգնած:

Օգոստոսի 23-ին ՔԱԿ գրոհայինները նաև հարձակում են գործել թուրք զինվորականների վրա, որոնք ապահովում են անվտանգությունը Դիարբեքիր գավառի հարավ-արևելքում ՀԷԿ շինհրապարակում: Մեկ զինծառայող զոհվել է, երեքը` վիրավորվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---