Սիրիայի որոշ քաղաքներում երկօրյա հրադադար է հայտարարվել

Սիրիայի որոշ քաղաքներում երկօրյա հրադադար է հայտարարվել

PanARMENIAN.Net - Կրակի երկօրյա դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում ընթացող հակամարտության կողմերի միջև, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը բանակցություններին մոտ աղբյուրների վրա հղումով: Ըստ պայմանավորվածության, երկօրյա հրադադարն ուժի մեջ կմտնի GMT ժամանակով ժամը 03:00-ից Սիրիայի երեք քաղաքներում, այդ թվում Էզ Զաբադանիում, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու:

Ինչպես նշել է գործակալությունը, 48-ժամյա հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել բանակի, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և սիրիացի ապստամբների ներկայացուցիչների միջև: Մասնավորապես, բանակցություններին մասնակցել են «Ահրար աշ Շամ» շարժման ներկայացուցիչներ, որն, ինչպես ավելի վաղ է հայտարարվել, ենթարկվում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը:

Նախորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել օգոստոսի սկզբին Թուրքիայի և Իրանի աջակցությամբ: Հրադադարից հետո մարտերը շարունակվեցին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից, սեփական տունը ստիպված է եղել լքել մոտ 10 մլն մարդ, դա երկրի բնակչության գրեթե կեսն է: Այս տվյալները հրապարակվել են Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների քննության վերաբերյալ ՄԱԿ զեկույցում: Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

Վերջին տարիներին Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը լքել է երկիրը պատերազմական գործողությունների պատճառով:

Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
---