Նավասարդյան. Տրանսպորտի ուղևարձը չի բարձրանա, կգործեն մոտ 250 նոր ավտոբուս և միկրոավտոբուս

Նավասարդյան. Տրանսպորտի ուղևարձը չի բարձրանա, կգործեն մոտ 250 նոր ավտոբուս և միկրոավտոբուս

PanARMENIAN.Net - Հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում չի նախատեսվում: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողներին հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով մամուլում տրանսպորտի թանկացման հնարավորության մասին լուրերին:

«Սակագնի բարձրացման մասին քաղաքապետարանում խոսակցություններ չկան: Գիտեք, որ այդ հարցը ուսումնասիրվում է և շարունակվում են աշխատանքները, բայց ապագայում թանկացում չի լինելու», - ասել է Նավասարդյանը՝ չհստակեցնելով, թե ապագան որքան ժամանակ է ենթադրում:

Դիտարկմանը, թե նախորդ տարի երթուղիներ սպասարկող ընկերությունները հայտարարում էին, թե չեն աշխատելու ներկայիս սակագնով, վարչության պետը պատասխանել է, որ ներկայումս նույնպես դժգոհություններ ու դժվարություններ կան, բայց իրենք փորձում են անել ամեն ինչ, որ գործող գները պահպանվեն, գրում է Tert.am-ը:

2013 թվականի հուլիսի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը պետք է սահմանվեր 150 դրամ, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում: Մարդիկ հրաժարվում էին վճարել 150 դրամ, երթեր ու ցույցեր էին կազմակերպում, բոլորին հորդորում շարունակել վճարել 100 դրամ: Արդյունքում` հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սահմանելու մասին որոշումը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողով կստեղծվի, որը կուսումնասիրի ոլորտն ու դրանից հետո միայն կպարզվի՝ կբարձրանա ուղեվարձի գինը, թե՝ ոչ:

Հուլիսին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարերել է, որ եթե հասարակական տրանսպորտի որակական պահանջները բարձրացվեն, դա կանդրադառնա սակագնի վրա: Ըստ նրա՝ ցանկացած գործողություն՝ որակի բարձրացման հետ կապված, ունի իր արժեքը: Եթե ցուցանիշներ փոխվեն, որոնք պահանջվում են փոխադրամիջոցից, եթե որակական պահանջները բարձրացվեն, բնականաբար, դա կանդրադառնա նաև սակագնի վրա:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը կատարել է որոշակի աշխատանքներ, որպեսզի նոր ուսումնական տարում աշակերտներին ու ուսանողները հասարակական տրանսպորտի խնդիր չունենան։ Սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում ամեն օր երթուղի դուրս կգան 440-460 ավտոբուս, 1200-1250 միկրոավտոբուս, 45-50 տրոլեյբուս և 24-26 մետրոյի վագոն:

«Այսօրվա դրությամբ տրանսպորտային ձեռնարկությունները պատրաստակամ են սեպտեմբերի 1-ից տեխնիկապես ավելի լավ վիճակով, սանիտարական վիճակն ավելի մաքուր պահելով, անվտանգության կանոնները պահպանելով սպասարկել մեր երեխաներին, ուսանողներին, քաղաքացիներին», - ասել է Նավասարդյանը:

Նա տեղեկացրել է, որՍեպտեմբերի 1-ից տրանսպորտի շարժակազմը կավելանա 100 ավտոբուսով և 200-250 միկրոավտոբուսով:

Վարչության պետը նշել է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի միկրոավտոբուսների թիվը կրճատվել են ի հաշիվ ավտոբուսների ավելացման:

Նավասարդյանը նաև տեղեկացրել է, որ Երևանում կա հասարակական տրանսպորտի համար նախատեսված մոտ 810 կանգառ, որոնց 80%-ը կահավորված է, իսկ մյուսներին կահավորումն ընթացքի մեջ է:

2014-ին IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը Երևանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն էր արել, որը հիմնված է սոցիոլոգիական հարցումների վրա, և հանգել եզրակացության, որ մայրաքաղաքում տրանսպորտը չի կարող շահագործվել գործող 100 դրամ ուղեվարձով: Ուսումնասիրելով տրանսպորտային ծախսերը՝ եզրակացրել էին, որ 15% շահութաբերության պարագայում արդյունավետ գներ են միկրոավտոբուսի համար՝ 207, իսկ համապատասխանաբար դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար 252 և 176 դրամ: Իսկ առանց շահութաբերության միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամ, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ 219 և 170 դրամ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---