Մերկելի կարծիքով ԵՄ-ն դեռ չի կարող չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Մերկելի կարծիքով ԵՄ-ն դեռ չի կարող չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Եվրամիությունը դեռ չի կարող չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները Ուկրաինայի շուրջ հակամարտության պատճառով:

Ըստ կանցլերի, ԵՄ-ում տեսնում են, որ պատժամիջոցներն անդրադառնում են նաև մի շարք արևմտյան ընկերությունների վրա: «Ուստի, անշուշտ, այնպիսի քաղաքական շրջանակային պայմաններ պետք է լինեն, որոնք թույլ կտան մեզ հրաժարվել պատժամիջոցներից: Միջազգային իրավունքի էական խախտումների և մինչ օրս անկայուն իրավիճակի պատճառով մենք, ցավոք, դեռ չենք կարող լուծել այդ հարցը»,-մեջբերում է Մերկելին Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը:

Միևնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Բեռլինը ցանկանում է վերադառնալ Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններին: «Մենք գործընկերային հարաբերություններ ենք ցանկանում Ռուսաստանի հետ, մենք այնքան միջազգային խնդիրներ ունենք»,-հայտարարել է Մերկելը: Ըստ նրա, Մոսկվան, մասնավորապես, կարող է կարևոր դերակատարություն ունենալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում:

Մոսկվան իր հերթին բազմիցս է հայտարարել, որ անհիմն ու ապօրինի է համարում սահմանված պատժամիջոցները:

2014-ի մարտից արևմտյան երկրներն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: 2015-ի մարտին ընդլայնվեց ԱՄՆ պատժամիջոցների ցանկը, իսկ հունիսին` Կանադայի պատժամիջոցների ցանկը: Բացի այդ, հունիսի 22-ին Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում երկարացրել են տնտեսական պատժամիջոցների գործողությունների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---