Platts. Եվրոպան կկրճատի Ադրբեջանից գնվող նավթի ծավալները

Platts. Եվրոպան կկրճատի Ադրբեջանից գնվող նավթի ծավալները

PanARMENIAN.Net - Արևմտյան Աֆրիկայից նավթի մատակարարումների մեծացման հետ կապված կնվազեն եվրոպական տարբեր երկրներում Ադրբեջանից գնվող Azeri Light և CPC Blend նավթի վաճառքի ծավալները: Այս մասին հայտնել է ամերիկյան Platts անկախ տեղեկատվական գործակալությունը, որը էներգետիկ արդյունաբերության վերաբերյալ ամենահեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից մեկն է աշխարհում:

Հաշվի առնելով Ասիայում Արևմտյան Աֆրիկայի նավթի պահանջարկի նվազումը և փոխադրման առավել հարմար երթուղին` եվրոպական նավթավերամշակող ընկերությունները որոշել են չմշակված նավթի լրացուցիչ մատակարարումներ ընդունել Նիգերիայից և Անգոլայից: Միայն սեպտեմբեր ամսին նախատեսվում է 50 մլն բարել չմշակված նավթի մատակարարում (օրական մոտ 1,6 մլն բարել), գրում է Panorama.am-ը:

Նավթի այս չնախատեսված հոսքն փոխել է նավթի վերջնական օգտատերերի պահանջարկը, ինչը հանգեցրել է ադրբեջանական Azeri Light նավթի տեսակի պահանջարկի նվազմանը:

Օգոստոսի 28-ին CIF պայմաններով մատակարարվող ադրբեջանական նավթի բեռը գնահատվել էր մեկ բարելի դիմաց Brent+ $1,70, այսինքն` ադրբեջանական նավթի և Brent նավթի գնի տարբերությունը նախորդ մակարդակից մեկ բարելի համար կազմել էր $2,30, հասնելով $44,34-ի:

Փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակը զարգանում է համաշխարհային շուկաներում առաջարկի շարունակական աճի հետևանքով՝ նույնիսկ այն դեպքում, երբ Իսրայելից հետո Եվրոպան նույնպես հրաժարվում ադրբեջանական նավթից՝ պահանջարկը չի մեծանում:

Նավթի առևտրով զբաղվողները հայտնում են, որ արեմտյան Աֆրիկայում նավթի մնացած մասը նույնպես կգնեն եվրոպացիները:

Օրեր առաջ The Financial Times թերթն արդեն հայտնել էր մայիսի սկզբից մինչև օգոստոսի 11¬ը Իսրայելի կողմից իրաքցի քրդերից 19 մլն բարել նավթ գնելու մասին, որի արժեքը համաշխարհային գներով կազմել է գրեթե $1 մլրդ: Ինչպես հայտնի է, Իսրայելն ավելի վաղ նավթը հիմնականում գնում էր Ադրբեջանից, Ղազախստանից և Ռուսաստանից: Իսկ այժմ 3,5 ամիս առաջ ավելին քան երեք քառորդով ապահովել է իրեն քրդական նավթով:

Այսպիսով, համաշխարհային շուկայում նավթի գերավելցուկը բերել է նրան, որ Իսրայելից հետո Եվրոպան նույնպես կրճատում է Ադրբեջանից նավթի գնումները:

Օգոստոսին Համաշխարհային բանկն Ադրբեջանի հետ 2016-2020-ի գործընկերության շրջանակային փաստաթուղթ է հրապարակել (CPF): Կանխատեսվում է երկրի նավթային ՀՆԱ-ի նվազում. 2015-ին 1,5%, 2016-ին՝ 1,0%, 2017-ին՝ 1,0%: 118 էջանոց զեկույցի համաձայն՝ իրական ՀՆԱ-ի աճը 2015-ին կկազմի 1,5%, 2016-ին՝ 2,6%, իսկ 2017-ին՝ 2,7%: Ոչ նավթային ՀՆԱ-ն 9%-ի սահմաններում երկարատև ամենամյա աճից հետո 2015-ին կնվազի մինչև 3,6%, 2016-ին՝ 3,8% և 2017-ին կկազմի 3,9%:

Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալներն անկում են ապրում: Երկրի նավթային պետական ընկերության փոխնախագահ Ռահման Գուրբանովը հունիսին հայտնել է, թե 2015-ին Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերում նավթի արդյունահանման ծավալները կկազմեն մոտ 30.3 մլն տոննա: 2014-ին այդ հանքավայրերից արդյունահանումը կազմել է 31.4 մլն տ, այս տարի 2014-ի հետ համեմատ արդյունահանման ծավալները կնվազեն 1.1 մլն տ-ով: 2014–ին՝ 2013-ի համեմատ արդյունահանումը նվազել էր 700.000 տ-ով: Դեռ 2010-ին Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերից արդյունահանվել էր 40.2 մլն տ նավթ:

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպայի հարավային շրջաններ փոխադրել նախատեսող Անդրանատոլիական գազամուղ նախագծից հրաժարվելուց հետո նորվեգական նավթային Statoil ընկերությունը վաճառել է նաև ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու Անդրադրիատիկ գազամուղի (TAP) նախագծում ունեցած իր 20% մասնաբաժինը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---